Բաժիններ՝

Իրավապահ մարմինները կոծկում են սեռական բռնության հանցագործին

Օր օրի սեռական բռնությունը Հայաստանում ամրապնդում է իր «դիրքերը» թողտվության և անպատժելիության պատճառով (ըստ ՀՀ Ոստիկանության պաշտոնական տվյալների՝ 2011 թվ-ն՝ 71 դեպք, 2012-ին՝ 105 դեպք, 2013-ին՝ 113 սեռական բռնության դեպք): Իրավապահ մարմինները, որոնք պետք է առաջնային հետաքրքություն ցուցաբերեն հանցագործության բացահայտման մեջ, մասնակից են դառնում վերջինիս կոծկմանը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սեռական բռնության սույն դեպքը և ակնկալում ենք Ձեր աջակցությունը այս տեղեկատվության տարածման և հիմնախնդրի հանդեպ հանրային ուշադրության բարձրացման հարցում:

2012 թվականի մայիսի 16-ին Հասմիկը (անունը փոխված է) ՀՀ Ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Արմենի (անունը փոխված է) կողմից ենթարկվել է սեռական և ֆիզիկական բռնությունների: Հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ բռնաբարության հատկանիշներով և գործի քննությունը հանձնարարվել է ՀՀ Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Ա.Կավեյանին: Կարճ ժամանակ անց քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու մասին այն պատճառաբանությամբ, որ Արմենի կողմից հանցավոր գործողություններ չեն կատարվել: Հասմիկի բողոքի հիման վրա դատարանը վերացրել է քննիչ Ա.Կավեյանի որոշումը և արձանագրել, որ քննիչը չի կատարել օբյեկտիվ քննություն, անտեսել է և չի գնահատել մի շարք ապացույցներ: Դատարանի որոշումից հետո քննիչ Ա.Կավեյանը հեռացվել է գործի վարույթից և նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչությանը:

Արմենի հեռախոսի և հեռախոսային քարտի վերաբերյալ նշանակվել է համակարգչատեխնիկական փորձաքննություն, որի արդյունքում ստացված եզրակացությամբ պարզվել է, որ նա գտնվել է մտերիմ ընկերական հարաբերությունների մեջ գործի քննությունն իրականացրած քննիչ Ա.Կավեյանի հետ: Մասնավորապես, քննիչը SMS հաղորդագրություններով և էլեկտրոնային փոստի միջոցով Արմենին է ուղարկել իր անձնական օգտագործման ավտոմեքենայի տվյալները՝ նպատակ ունենալով վերջինիս միջոցով վաճառելու այն: Այսինքն, քննիչն ունեցել է ակնհայտ անձնական շահագրգռվածություն, ինչն, ըստ էության, հիմք է հանդիսացել, որպեսզի նա իրականացնի գործի միակողմանի քննություն ի օգուտ Արմենի և որոշում կայացնի քրեական գործի վարույթը կարճելու մասին:

Այս կապակցությամբ Հասմիկը ներկայացրել է հաղորդում` հասցեագրված ՀՀ Ոստիկանապետին և ՀՀ գլխավոր դատախազին, որի քննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, սակայն վերջինիս կողմից անհիմն պատճառաբանությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է: Հատկանշական է այն, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման հիմքում դրվել է միայն քննիչ Ա.Կավեյանի և Արմենի կողմից տրված բացատրությունները, որոնք մի քանի կետերով հակասում են միմյանց:

Բացի այդ, ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից որևէ գործողություն չի կատարվել պարզելու համար, թե երբ և ինչ պայմաններում է տեղի ունեցել քննիչի և Արմենի միջև ծանոթությունը /չի բացառվում, որ նրանք ծանոթ են եղել դեռևս մինչև բռնաբարության փաստով քրեական գործի հարուցումը/, ինչ բնույթի փոխհարաբերությունների մեջ են գտնվել միմյանց հետ /գործնական, ընկերական, թե բարեկամական/, ինչ նպատակով և ինչ պայմաններով է քննիչն ակնկալել Արմենից ծառայություններ ստանալ, մատուցված ծառայությունները կրել են հատուցելի թե անհատույց բնույթ, եղել են շարունակական, թե ոչ: Ավելին, փորձաքննության միջոցով ստուգման չի ենթարկվել քննիչի անձնական օգտագործման հեռախոսը և հեռախոսային քարտը, էլեկտրոնային փոստի հասցեն, ինչը կարող էր նպաստել քննիչի և Արմենի միջև հնարավոր հանցավոր համագործակցության վերաբերյալ նոր փաստական տվյալներ ձեռք բերելուն:

Ակնհայտ է, որ ՀՀ ՀՔԾ-ն ուղղակիորեն սատարում է քննիչ Ա.Կավեյանին և խուսափում միջոցներ ձեռնարկել վերջինիս պատասխանատվության ենթարկելու հարցում՝ սրանով իսկ անուղղակիորեն նպաստելով, որպեսզի հանցագործություն կատարած անձն ազատվի քրեական պատասխանատվությունից:

Ներկայումս ՀՀ ՀՔԾ-ի որոշումը Հասմիկի կողմից բողոքարկվել է դատարան, որի քննության արդյունքներով որոշումը կհրապարակվի 2014 թվականի օգոստոսի 12-ին:

Օգոստոսի 12-ին, ժամը 10:00-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջև (Տիգրան Մեծի 23/1) իրականացնելու է բողոքի ակցիա:

«Ընդդեմ կանանց նկատմամբ կոալիցիա»

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031