«Ֆրանսիացիների ու ամերիկացիների միջամտությունն արդյունք չտվեց, և Ռուսաստանի նախագահն ուզեց նախաձեռնություն վերցնել». Լևոն Շիրինյան

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց սահմանում կատարվող վերջին իրադարձությունների միջազգային արձագանքի ու Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման սպասելիքներից:

«Միջազգային արձագանքը շատ լայն է, բայց ուշացած, այսինքն` ապրիլից ինտենսիվացան Ադրբեջանի կողմից նմանատիպ դեպքերը, բայց միջազգային հանրությունը որևէ կերպ չէր արձագանքում: Ոչ խաղաղությամբ շահագրգռված ՄԱԿ-ը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, որի խնդիրն ինքնորոշման իրավունքը պաշտպանելն է, ոչ թե ժողովրդին ստրկության մեջ պահելը` անիմաստ խաղաղության կոչեր անելով, ոչ էլ մյուս կառույցները:

Սրանք խառնվեցին, որովհետև հայկական կողմը կարող էր ավելի մեծ հաջողություններ ունենալ: Սա կասեցնելու փորձերից մեկն էր: Միջազգային կազմակերպությունների վերաբերմունքը ոչ թե խաղաղության առաջարկ է, այլ պատերազմի նախապատրաստելու վերաբերմունք: Այսինքն` խոսում են խաղաղության մասին` իմանալով, որ իրենց գործողության հիմքը պատերազմն է»,- ասաց քաղաքագետը:

Բանախոսը նշեց այս պայթյունին նպաստող գործոնները.

«Առաջինը` Ռուսաստանի, Իսրայելի, Ուկրաինայի և այլ երկրների կողմից զենքի ազատ մատակարարումն է պանթյուրքիստ ադրբեջանցիներին: Երկրորդը` կրակի վրա յուղ լցրեցին Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունները:

Ես միշտ ասում էի, որ նա խաղաղությունից այնպես է խոսում, ասես պատերազմ է նախապատրաստում, ու բացարձակ ճիշտ դուրս եկա: Միջազգային կառույցները ևս տաքացրեցին ադրբեջանական կողմին: Ալիև տգետն ինչպե՞ս կարող էր սովետական ԿԳԲ-ից հեռու մնացած լինել, երբ հայրը ԿԳԲ-ի գեներալ է: Սրա տգիտությունը լավ իմանալով` հրահրեցին այս ընդհարումը: Սակայն հանդիպեցին հայկական պաշտպանական ապառաժին, ատամները փշրեցին և վնգստալով փախան` լեշերն իրենց հետ վերցնելով»:

Քաղաքագետի կարծիքով` մեր բանակն իրեն փայլուն ձևով դրսևորեց:

«Մեր բանակն արեց այնպիսի ռազմական գործողություն, ինչպիսին սովորաբար անում է Իսրայելի բանակը` ցախալը, այսինքն` գրեթե առանց զոհերի ստանալ մեծագույն արդյունք: Աշխարհը տեսավ հայ զինվորի կամքը, պետության կազմակերպվածության ուժը` ռազմական իմաստով, և իրավիճակը փոխվեց:

Արդյունքում` ՀՀ և ԼՂՀ Զինված ուժերը Սոչիի հանդիպումից առաջ (դա նախատեսվա՞ծ էր, թե՞ ոչ, այլ հարց է) գերագույն հրամանատարի համար ստեղծեցին մի գրանիտե պատվանդան, որի բարձրությունից նա կբանակցի: Պետք է մոռանա մինչ այս եղած ռազմական-քաղաքական վիճակը և այս արդյունքի վրա բանակցի պանթյուրքիզմի գլխավոր տգետներից մեկի` Ալիևի հետ:

Ալիև տգետը չէր ցանկանում գնալ այդ հանդիպմանը, կարծում էր՝ Իսրայելի բանակն ունի (որ Իսրայելի կամուֆլյաժ են ստանում՝ գիտեն՝ իրենք հրեա են), և պատկերացնում էր, որ իրենք կարիք չունեն հանդիպման: Ֆրանսիացիների ու ամերիկացիների միջամտությունն արդյունք չտվեց, և Ռուսաստանի նախագահն ուզեց նախաձեռնություն վերցնել:

Իսկ ժողովուրդն Արտգործնախարարությունից պետք է պահանջի կռիվ տալ` այս արդյունքը ռեալիզացնելու համար: Մեզ համար աքիլեսյան գարշապար դարձել են դիպուկահարները, և պետք է այս հարցը դնել ու պահանջել, որ դրանք հեռացվեն սահմանային գոտուց: Այլապես այն կետերից, որտեղից մեզ խփում են, ուղիղ նշանառությամբ թնդանոթներով պետք է պատասխանենք ու ոչնչացնենք: Եթե այս հարցը չլուծենք, ապա չենք կարող կանխել արտագաղթը, իսկ նրանց նպատակը հենց դա է` թույլ չտալ սահմանամերձ գյուղում ապրող բնակչությանը աշխատել և ստիպված դիմել արտագաղթի»,- պարզաբանեց նա:

Լևոն Շիրինյանի կարծիքով` Հայաստանի իշխանությունները պետք է շատ ավելի լայն թափով թեքվեն դեպի Իրանի կողմը:

«Պետք է Իրանի հետ ունենալ ոչ միայն տնտեսական կապեր, որը հիմա մի փոքր թուլացել է, այլ նաև ռազմական համագործակցություն, և այլն: Իրանը եղել և մնում է մեր պետության անվտանգության արտաքին գլխավոր ազդակներից մեկը: Ռուսաստանը հայ-թուրքական սահմանագծի վրա սահմանային պաշտպանությունը պահում է և չի կարող չպահել, որովհետև դա կնշանակեր՝ Թուրքիայի ներթափանցում իր ոստան, ապա սա մեզ համար պլյուս է: Կարծում եմ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում հակաօդային ուժերի պաշտպանական համակարգը մեզ թույլ է տալիս ապահով լինել նաև այս մասով:

Մնացած երկրների հետ, լինի Վրաստան թե Ադրբեջան, հարցերի լուծումը մեր խնդիրն է, և պետք չէ, որ ռուսական զորքն անի մեր փոխարեն: Կարծում եմ` այս հարցում Արտաշես Գեղամյանի եղբայր ադրբեջանցիները մեզ հետ համակարծիք են. մենք խաղաղապահ ուժ չպետք է թողնենք, բացառապես մեր ուժերով պետք է պահպանենք մեր սահմանը: Պետք չէ, որ իրենք լինեն էստեղ` մեր փոխարեն, թող տան մեզ զենքը, և մենք մեզ կպաշտպանենք:

Քանի դեռ ռուսները պահում են թուրքական սահմանը, մենք պետք է ընդարձակվենք դեպի Արևելք ու վերականգնենք պատմական հիշողությունը: Մինիմալիստներին պետք է դուրս շպրտել իշխանությունից: Իրենց մոտ տարածված խոսք է` ունենք այն, ինչ ունենք, սակայն պետք է ունենանք այն, ինչը որ մերն է»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս