Ադրբեջանը չի գիտակցում, որ այսօր մեր ԶՈՒ-ն համալրված է հաղթանակած բանակի հրամանատարներով. Սեյրան Օհանյան. tert.am
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հրավիրված ասուլիսը սկսեց ցավակցական ուղերձով՝ ուղղված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից նախաձեռնած դիվերսիաների արդյունքում զոհված զինվորների ծնողներին և հարազատներին: Այս մասին գրում է tert.am-ը:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ զոհված զինվորների ծնողներին և հարազատներին: Յուրաքանչյուր զինծառայող բանակի ղեկավարության որդին է, մեր կրտսեր եղբայրը»,- ասաց նախարարը և հերթով հիշեց նրանց անունները՝ Զորիկ Գևորգյան, Արարատ Խանոյան, Ազատ Ասոյան, Գոռ Գրիգորյան, Սարգիս Մովսիսյան, Արամ Գրիգորյան, Խաչատուր Բադասյան:
Նախարարի խոսքով՝ այսօրվա հանդիպումն անցնում է հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի համար լարված իրավիճակում: Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հայկական դիրքեր ներթափանցելու փորձերը: «Նրանք չեն գիտակցում, որ այսօր մեր Զինված ուժերը համալրված են հաղթանակած բանակի հրամանատարներով, ովքեր իրենց փորձն են փոխանցում նոր սերնդին»,- ասաց նա և ավելացրեց, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ՀՀ ստորաբաժանումները կանխել են հակառակորդի 20-ից ավել դիվերսիաներ. «Բնականաբար, նաև անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով մենք չենք կարող բացահայտել այն բոլոր գործողությունները, որոնք կիրառվում են սահմանին»:
Կրկին դառնալով զոհված զինվորներին՝ Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ այն զինվորներն ու սպաները, ովքեր զոհվեցին հանուն հայրենիքի, մեր փառապանծ հերոսներն են: Եվ նրանց ծառայության շնորհիվ է, որ հայկական կողմը ոչ մի քայլ նահանջ չունեցավ դիրքերից:
Մանրամասներն՝ այստեղ