Արարատ Զուրաբյան. Եթե սահմանին զարգացումներն ավելի խորանան, բոլորս պետք է պատրաստ լինենք զենքը ձեռքներիս հայրենիքը պաշտպանելու. tert.am
Tert.am-ը զրուցել է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի հետ
– Ի՞նչ բնորոշում կտաք ներկա իրավիճակին, արդյոք պատերազմի նախերգա՞նք է, թե՞ ինչ-որ լարված իրավիճակ, որն ինչ-ինչ նկատառումներով է՛լ ավելի է լարվում։
– Մի բան ակնհայտ է, որ ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ իրավիճակը երկար շարունակվել չի կարող։ Բնականաբար, ինչ-որ մի օր զարգացումներ լինելու են։ Շատ ցավալի է, որ այս իրավիճակն է, որ մարդիկ են զոհվում, երիտասարդ մարդիկ՝ թե՛ այս և թե՛ այն կողմից: Վերջին մասն ասում եմ՝ վստահ լինելով, որ ոչ ոք իմ հայրենասիրության վրա չի կասկածի:
Բնականաբար, իրավիճակը խորքային պատճառներ ունի, և այսօր չէ, որ պրոբլեմն առկա է։ Ակնհայտ է, որ պատճառներից մեկն այն է, որ մեր իշխանությունները մշտապես զբաղված են եղել միմիայն մեկ նպատակով՝ պահպանել իշխանությունը, իսկ մնացած բոլոր խնդիրները ստորադասվել են։ Բայց Ղարաբաղի հարցը ստորադասել չի կարելի, և հիմա տեղի են ունենում գործողություններ, որոնք շատ մոտ են պատերազմականին: Իսկ երբ ծանր զինատեսակներից գնում է հրթիռակոծություն այս կամ այն կողմ, սա շատ վտանգավոր է և ցանկացած պահի կարող է վերածվել պատերազմի։
– Այսինքն՝ արձանագրենք, որ Դուք ստատուս քվոյի փոփոխությո՞ւն եք սպասում:
– Ընդհանրապես այդ ստատուս քվոն չի կարող անվերջ պահպանվել։ Հիմա, մի բան ևս ակնհայտ է, որ համաշխարհային քաղաքակրթական զարգացումները մեզ համար շատ անբարենպաստ դիրք են ընդունել, քանի այսօր մենք գտնվում ենք մի դաշտում, որտեղ մեր դաշնակից Ռուսաստանի նկատմամբ ողջ քաղաքակիրթ աշխարհը սանկցիաներ է կիրառում։ Սեպտեմբերի 3-ից հետո մենք շատ ծանր վիճակում ենք գտնվում՝ ձգտելով մի միության, որը գոյություն չունի, բայց որի մասին խոսվել է շատ։
Հրաժարվեցինք քաղաքակրթական լուրջ ընտրությունից, և հիմա, երբ սանկցիաներ են կիրառվում Ռուսաստանի նկատմամբ, նաև արդեն ամերիկյան դեսպանատունը պաշտոնապես դիմելով հայկական կողմին՝ իր մոտեցումներն է արտահայտում և փորձում է զերծ պահել այդ մարդկանց՝ Հայաստանի իշխանությունների, ռուսական կապիտալի, ռուսական տնտեսության հետ համագործակցությունից, սա, իրոք, շատ վտանգավոր վիճակ է մեզ համար: Դրան գումարենք այս ռազմական գործողությունները։ Չմոռանանք նաև, որ Ռուսաստանի թեթև ձեռքով Ադրբեջանն է՛լ ավելի է ռազմականորեն հզորացել, որովհետև միայն վերջերս 4 մլրդ դոլարի զենք և զինամթերք ստացավ։ Դա նաև որոշակի թողտվություն է իր մեջ պարունակում, այսինքն՝ եթե զենքը տալիս ես, նաև մի քիչ մատների արանքով ես նայում դրա կիրառմանը։
– Այսօր արդեն պաշտպանության նախարարը հանդիպել է ԱԺ խմբակցությունների հետ և ՀՀԿ խոսնակի շուրթերով հնչեց, որ բոլորը պետք է միասնական լինեն: Հիմա, փաստորեն, ընդդիմության գործողությունները կաշկանդվելու են և ներքին հարցերով ձեռնարկելիք յուրաքանչյուր հնարավոր արմատական քայլ դիտվելու է դավաճանություն։ Ուզում եմ ասել՝ այս իրավիճակում ընդդիմության «օրինակելի» պահվածքը ո՞րը պետք է լինի։
– Նախ, արձանագրենք, որ «ընդդիմություն» հասկացությունը մեզանում մի քիչ տարրալուծված է ինչ-որ այլ երևույթների մեջ, որը շատ անհասկանալի է: Դրա համար արձանագրենք, որ մեզ մոտ ընդունված է՝ «ոչ իշխանական ուժեր» ձևակերպումը։ Երկրորդ. չեմ կարծում, որ Հայաստանում լինի քաղաքական ուժ, որ պատերազմի՝ այս ռազմական գործողությունների զարգացման պարագայում շարունակի իշխանության համար կռիվ տալ։ Կարծում եմ, որ այնքան խոհեմ կլինի հայկական քաղաքական միտքը, որ նման բանի չի գնա: Սակայն ակնհայտ է մի բան, որ այս իշխանությունը դեռևս չծնված իրեն սպառած է եղել, և հիմա, ցավոք սրտի, մի այսպիսի իրողություն է, երբ ռազմական գործողություններ են գնում, բոլոր նորմալ հասարակությունները գնում են միավորման, թողնում են ամեն ինչ մի կողմ և մտածում են ինքնապաշտպանության մասին։ Աստված մի արասցե, եթե զարգացումներն ավելի խորանան, մենք բոլորս պետք է պատրաստ լինենք զենքը ձեռքներիս մեր հայրենիքը պաշտպանելու։ Բայց մնացած բոլոր երևույթների մասով կասեմ, որ այստեղ կա նաև որոշակի շանտաժի էլեմենտ, որովհետև իշխանությունն էլ պետք է զերծ մնա այնպիսի քայլերից, ինչպիսիք են օրինակ՝ տրանսպորտի, էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը, կենսաթոշակայինի էս ձևով կիրառումը և այլն։ Այսինքն՝ իշխանությունն էլ իր քայլերով չպետք է հրահրի որոշակի գործողություններ, որոնք կարող են իրավիճակ փոխել։ Կարծում եմ, որ քաղաքականությամբ զբաղվող ցանկացած մարդ այնքան ողջախոհություն կունենա, որ կգիտակցի՝ որտեղ է սահմանը և որ պահից է պետք դադարեցնել քաղաքական այս կամ այն գործընթացը, որպեսզի ավելի չվտանգի իրավիճակը:
Չեմ կարծում, թե ինչ-որ զարգացումներ կլինեն: Ավելի շատ սա նման է նրան, որ ռուսական կողմը մեսիջ է ուղարկում Հայաստանի իշխանություններին՝ իր դրածոների, իր կամքը կատարողների միջոցով, նկատի ունեմ ոչ իշխանական ուժերի հատվածին, որ եթե ինչ-որ քայլեր անեն, որ ռուսական ուղեծրից դուրս գան, մենք կհրահրենք այստեղ իշխանափոխություն։ Ընդամենը սա է։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: