Բաժիններ՝

«Հին գվարդիան» վերադարձել է. առաջնագծում հանգիստ է. hetq.am

Արցախի դիրքերում գիշերը հանգիստ է եղել: Ադրբեջանցիների կողմից կրակոցներ եղել են, սակայն դրանք որևէ վնաս չեն հասցրել: Այս մասին Արցախից հայտնում է «Հետքի» խմբագիր էդիկ Բաղդասարյանը:

Նա քիչ առաջ խոսել է նաև ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի հետ, ով վստահեցրել է, որ որևէ միջադեպ չի գրանցվել՝ բացի ադրբեջանցիների մշտական կրակոցներից:

Երեկ Էդիկ Բաղդասարյանն այցելել է զորամասեր, որտեղ տեղի էին ունեցել սահմանային վերջին միջադեպերը: Զրուցել է զինվորների և սպաների հետ: Իր այցերի մասին նա հեռախոսով մանրամասներ է պատմում.

«Ընդհանուր առմամբ հանգիստ էր զորամասերում: Մի քիչ լարվածություն էի զգում, որովհետև տղաներն արդեն երեք օր է՝ նորմալ չեն քնում, հերթապահության են անում: Մի քիչ հոգնածություն կա, բայց երբ զրուցում էինք գործողությունների մասին, սկսում էին ոգևորված պատմել՝ ոնց է եղել, ոնց են դիմադրել:

Երեկ զորամասերի շրջակայքում տեսա հին կռվող տղաներին, որոնք առաջնագիծ էին եկել հերթապահության: Ըստ երևույթին Ղարաբաղում ոչ պաշտոնապես գործում է կիբուցիների նման ինչ-որ խումբ, որ պատերազմական իրավիճակներում նրանք հավաքվում և հայտնվում են առաջին գծում: Երեկ էլ Ստեփանակերտում զրուցում էի մի քանիսի հետ, որոնք պատրաստվում են մեկնել առաջին գիծ:

Չգիտեմ՝ սա պաշտոնական է, թե ոչ, բայց Ղարաբաղի իշխանությունները դրա մասին երբեք չեն խոսել: Ես փորձեցի ճշտել՝ ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին, որ նման բան կա: Իսկ տղաների երբ խոսեցի, ասացին՝ իհարկե, հենց մի բան լինում է, մենք պետք է զինվորների հետ լինենք և զինվորներին անհրաժեշտության դեպքում տանենք մարտի:

Բնակչությունը անհանգստացած է իրավիճակով, բայց լարվածություն չկա: Անհանգիստ են այնպես, ինչպես պատերազմական շրջանում, որովհետև գրեթե ընտանիք չկա, որը բանակում ծառայող չունենա, մանավանդ վերջին օրերին ոչ ոք տուն չի գալիս, բոլորը հերթապահության են»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս