Բաժիններ՝

Ժան-Պիեռ Նշանյան. «Այդքան լուրջ ասելիքով ծանր գործն անկարելի է այդքան հեշտ ներկայացնել»

Սուրեն Բաբայանի «Փուշը» ֆիլմը «Հայկական համայնապատկեր» մրցութային անվանակարգին ներկայացված ֆիլմերից է: «Փուշը» ֆիլմի հերոսը ճանաչված գրող է: Զինվորական ծառայության ժամանակ թշնամու դիրքերից արձակված փամփուշտը մահացու վիրավորում է նրան: Ընդամենը 15 րոպե է բաժանում նրա երկնային կյանքը երկրայինից: Այս 15 րոպեների ընթացքում նրա հետևից գալիս են հրեշտակ-այլմոլորակայինները, որոնք փորձում են խորհուրդներ տալ:

Լրագրողներից մեկը, ով դիտել էր ֆիլմը, ասաց, որ դրանում առկա են հակաէսթետիկ տեսարաններ, և հարցրեց Սուրեն Բաբայանին, թե ինչո՞ւ էին նատուրալիստական կադրերն այդքան շատ: «Գիտե՞ք ինչ, կա զարմանալի մի բան:

Մեր կյանքը, մեր առօրյան միշտ զարմանալի նատուրալիստական բաների հետ շատ կապ ունի: Մենք դրան նշանակություն չենք տալիս: Բայց երբ ֆիլմ ենք նկարում, և հերոսը գտնվում է շատ, այսպես ասած՝ «пограничная зона»-ում, արդեն մենք սկսում ենք դա սեղմել: Բայց ես չէի ասի, որ շատ են այդ կադրերը, կա բալանս»,- այսպես պատասխանեց Սուրեն Բաբայանը:

«Փուշը» ֆիլմի գլխավոր դերակատար Ժան-Պիեռ Նշանյանը կարծում է, որ թատերական արվեստում կամ ֆիլմարվեստում հեշտ չէ աշխատել, և, որ ընդհանրապես հեշտ բան չկա կյանքում: Ինչպես նաև՝ կերպարանավորել մի մարդու, ով հոգեվարքի մեջ է գտնվում՝ դժվար է.

«Չեմ կարծում, որ այդքան լուրջ ասելիքով ծանր գործը կարելի է այդքան հեշտ ներկայացնել: Երբ մենք Սուրիկի հետ սկսում ենք աշխատել, ասում է՝ մենք, ամեն անգամ՝ ինչպես առաջին անգամ, նստում ենք՝ ինչպես աշակերտական նստարանին, և սկսում ենք այդ ամեն ինչը: Ինձ համար շատ հեշտ է Սուրենի հետ աշխատելը: Լինելով արդեն 40 տարվա ընկեր՝ ես իրեն գիտեմ, և՛ իր զավեշտական ու ծանր բնավորությունը, և՛ բնավորության թեթև կողմերը»:

Իսկ ֆիլմում ներկայացնել որևէ մարդու պահվածքը և լինել նրա հոգեվիճակում, Պիեռ Նշանյանն ասում է, որ հենց իր աշխատանքն է. «Ուզենք թե չուզենք՝ մենք պետք է մարմնավորենք մի մարդու, որը տվյալ դեպքում տարբեր վիճակներում է: Դժվար է, բայց ամենակարևորն այն է, թե վերջում ինչ է ստացվում այդ ամենից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս