Բաժիններ՝

Արմեն Աշոտյան. «ԵՊՀ-ում և որոշ դպրոցներում դասավանդվելու է արևմտահայերեն»

Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Միջին Արևելքի մոտ 80 համալսարանում և գիտական կենտրոններում ուսուցանվում է արևմտահայերենը՝ որպես աշխարհի հնագույն մշակույթներից մեկը կրող լեզվաճյուղ:

Տեղեկություններ կան, որ հատկապես օտար ուսանողներին է հետաքրքրում հայերենի այդ ճյուղը, և ամեն տարի տասնյակ ուսանողներ են օտար համալսարանների հայագիտական ամբիոններում հետաքրքրվում արևմտահայերենի ու հայոց պատմության դասընթացներով:

Հայաստանում ո՛չ խորհրդային տարիներին, ո՛չ էլ անկախությունից հետո պետական ուսումնական հաստատություններում արևմտահայերենն իբրև առանձին առարկա չի դասավանդվել:

Վերջերս, սփյուռքահայերի (որ հայերենի նշված ճյուղի կրողն են) Հայաստան որոշակի ներհոսքի ալիքին զուգընթաց՝ տարբեր միջավայրերում խոսակցություններ են պտտվում, որ Հայաստանի Հանրապետության պետական ուսումնական հաստատություններում ներմուծվելու է արևմտահայերենը՝ իբրև հայոց լեզվի երկու հիմնական ճյուղերից մեկը:

Այս խոսակցությունները ճշտելու նպատակով Արամ Աբրահամյանի հեղինակային P.S. հաղորդման շրջանակներում հարց ուղղեցինք Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: ԿԳ նախարարը պատասխանեց.

«Արևմտահայերենի պահպանման և զարգացման խնդիրը նաև Հայաստանի Հանրապետության խնդիրն է, կարծում եմ, որովհետև արևմտահայերենը հայկական ժառանգության մի մասն է: Լեզվի կրողների թիվը տարբեր պատճառներով նվազում է, և ակնհայտ է, որ պետական աջակցության կարիք կա այստեղ:

Մենք մի շարք կազմակերպությունների հետ միասին Երևանի Պետական համալսարանում այս տարվանից ներդնում ենք արևմտահայերենով հայագիտական դասընթաց (մագիստրոսական):

Նման ծրագիր Հայաստանում առաջին անգամ է լինելու: Ինչ վերաբերում է դպրոցներում արևմտահայերենի դասավանդմանը, ապա մենք ունենք գաղափար, ծրագիր՝ հումանիտար հոսքերով որոշ ավագ դպրոցներում արևմտահայերենը, այո, ներմուծել՝ որպես առարկա:

Այսինքն՝ խոսել արմտահայերենի ներմուծման մասին՝ իբրև պարտադիր առարկա, ճիշտ չէ, բայց մասնագիտացված, նախամասնագիտացված հանրակրթական ծրագրերի մեջ արևմտահայերենը կարող է, և մենք կարծում ենք՝ պետք է նաև դասավանդել:

«Իսկ կա՞ն արևմտահայերենի անհրաժեշտ մասնագետներ» հարցին ԿԳ նախարարը պատասխանեց.

«Մասնագետների մի մասը, այո, կային նաև Հայաստանում, բայց գիտեք նաև, որ դեպքերի բերումով Մերձավոր Արևելքի մի շարք երկրներից, հատկապես՝ Սիրիայից, մենք ունեցանք հայրենադարձված հայրենակիցներ, որոնց մեջ նաև արևմտահայերենի կրողներ են, ուսուցիչներ են:

Ես, ի դեպ, հանդիպել էի մի շարք սփյուռքահայ ուսուցիչների հետ, որոնք տարբեր երկրներից են, այդ թվում և՝ Սիրիայից, և իրենք իրենց առաջարկությունն ու ծառայություններն էին մեզ ներկայացրել հենց մեր դպրոցներում արևմտահայերենը դասավանդելու վերաբերյալ: Այո, մասնագետների լրացուցիչ կարիք, կարծում եմ, մենք չենք ունենա, հատկապես, որ ծրագիրը զանգվածային չի լինելու, այլ մենք սևեռվելու ենք մի քանի փորձարարական դպրոցների վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս