Վոլոդյա Ավետիսյանի դատավճիռը ռեժիմի հաշվեհարդարն է. Նախախորհրդարան
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դատավճիռը ռեժիմի հաշվեհարդարն է իր դեմ ընդվզած պահեստազորի գնդապետի նկատմամբ:
Այդ մասին ասվում է «Նախախորհրդարանի» տարածած հայտարարության մեջ:
«Հուլիսի 17-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը շինծու մեղադրանքով ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին դատապարտեց 6 տարի ազատազրկման:
Ակնհայտ է, որ այս դատավճիռը ապազգային եւ հանցավոր ռեժիմի կամակատար դատարանի ինքնուրույն որոշումը չէ: Այս դատավճիռը ռեժիմի հաշվեհարդարն է իր դեմ ընդվզած պահեստազորի գնդապետի նկատմամբ:
Նույնիսկ մեր երկրում հաստատված արդարության ճգնաժամի պայմաններում նրան մեղսագրվող արարքների համար այդպիսի ծանր պատժի նշանակումն աննախադեպ դաժանություն է:
Միեւնույն ժամանակ՝ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ այս բացահայտ ու ցինիկ հաշվեհարդարը մեր ժողովրդին, նրա պայքարող տեսակին ուղղված մարտահրավեր է:
Իր հերթին՝ հոգեվարքային ակտիվություն հիշեցնող այս ջղաձիգ ու անհավասարակշիռ քայլը վկայում է ռեժիմի մոտալուտ վախճանի մասին:
Նախախորհրդարանի քարտուղարությունը հայտարարում է մարտահրավերն ընդունելու մասին եւ կոչ է անում մեր ժողովրդին կազմակերպվել եւ մոտ ապագայում պատրաստ լինել իր կամքը ռեժիմին պարտադրելուն:
Նախախորհրդարանի քարտուղարությունը վերստին հաստատում է, որ մինչեւ Մեծ Եղեռնի 100-ամյակը ռեժիմը հեռացվելու է ժողովրդի համախումբ ուժով, իսկ նրա ներկայացուցիչները, այդ թվում՝ անարդար որոշումներ կայացրած դատավորները, պատասխան են տալու օրենքի եւ արդարադատության առջեւ:
Ռեժիմին մնաց 41 շաբաթ: Մենք ենք տերը մեր երկրի»,- ասվում է հայտարարության մեջ: