Սեյրան Օհանյան՝ «Այսուհետ դիվերսանտների ներթափանցումը կբացառվի»
1994 թ-ի զինադարարի կնքումից հետո Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքով առաջին գծում, Արցախի տարածքում, պարբերաբար լարվածություն է ստեղծվում, իսկ վերջին տարիներին լարվածությունը տեղափոխվել է նաև Հայաստանի հյուսիս-արևելյան շրջան՝ Տավուշի մարզ:
Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին, թե ինչպիսին է իրավիճակը Քարվաճառի շրջանում:
Ըստ նրա, միաժամանակ միշտ տեղեկություններ են եղել Քարվաճառի հատվածում հնարավոր ներթափանցման փորձերի վերաբերյալ: Անդրադառնալով դիվորեսանտների ներթափանցման խնդրին՝ Ս.Օհանյանը տեղեկացրեց, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից միջոցներ են ձեռնարկվել հնարավոր ներթափանցածներին հայտնաբերելու համար.
«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հետքեր էին հայտնաբերել, համագործակցել են ԱԱԾ-ի և ոստիկանության ստորաբաժանումների հետ և դիվերսիոն խմբի մեկ անդամին հայտնաբերել են: Այնուհետև միջոցներ են ձեռնարկվել, հավելյալ անցակետեր են տեղադրվել և ստորաբաժանումներ են ուղարկվել այդ հատված»:
ՊՆ նախարարը վստահեցրեց, որ բացահայտվել են դիվերսիոն խմբի բոլոր անդամները, Քարվաճառի բնակչության հետ անհրաժեշտ գործողություններ են իրականացվում, որպեսզի մարդիկ վստահ լինեն, որ ՊԲ-ն իր առջև դրված խնդիրներն ամբողջությամբ կատարում է, նաև առաջին գծում ականապատման և պաշտպանական այլ միջոցառումներ են իրականացվում:
Ս.Օհանյանը նշեց, որ տարածաշրջանի բնակչության շրջանում մտավախություն կար, քարվաճառցի պատանու սպանության մեջ կասկածվում է այդ խմբի անդամներից մեկը, ով հետագայում հայտնաբերվել է:
Նախարարը հավաստեց, որ ապագայում հավելյալ միջոցառումներ կիրականացվեն՝ այսուհետ նման դեպքրեը բացառելու համար: