Ում հրահանգով է ձերբակալվել Լևոն Հայրապետյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Երեկ «Росбалт» լրատվական կայքը գրել էր, որ հուլիսի 15-ին՝ Մոնակոյից վայրէջք կատարելիս «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է հայտնի հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը։
Ըստ աղբյուրի՝ պատճառը եղել է գործարարի կապը հանցավոր խմբավորման հետ։ Թե որքանով են Հայրապետյանին առաջադրված մեղադրանքի իրավական հիմքերն արժանահավատ՝ ցույց կտա ժամանակը, սակայն նկատի առնելով Ռուսաստանում առկա քաղաքական իավիճակը, երբ արդարադատությունն իրականացվում է բացառապես Պուտինի հրահանգով և քմահաճույքով (հիշենք Խոդորկովսկուն) չի բացառվում, որ հայազգի գործարարի ձերբակալության հետևում առկա են քաղաքական դրդապատճառներ:
Չմոռանանք, որ Լևոն Հայրապետյանը համարվում է միջազգային մակարդակի լոբբիստ՝ թե’ Ցեղասպանության, թե’ Ղարաբաղի անկախության ճանաչման հարցերում: Բացի այդ, վերջին շրջանում նա հանդես էր գալիս Հայաստանի իշխանությունների հասցեին խիստ քննադատությամբ:
Հիշեցնենք, որ իր վերջին աղմկահարույց հարցազրույցում նա ասել էր. «Փոքրիկ Հայաստանում կարելի է կարգուկանոն հաստատել կես տարվա ընթացքում: Պետք է իրականացնել «Ցուցակ» անվանումով օպերացիա՝ ստեղծելով ոչ թե ժողովրդի, այլ արհեստական օլիգարխների արտագաղթ»:
Ի դեպ, մինչ ռուսական ԶԼՄ-ները նշում են, թե գործարարին ձերբակալել են Մոնակոյից վերադառնալիս, Լևոն Հայրապետյանի ազգականը՝ Վանք գյուղի բնակիչ Վահան Գուրգենյանը, «Ժողովուրդ»-ին հայտնել է, որ գործարարը հուլիսի 9-ից գտնվել է Վանք գյուղում, հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, ապա եկել է Երևան, որտեղից էլ հուլիսի 14-ին մեկնել է Մոսկվա»։
Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։