«Ես հեռանում եմ նոր հանդիպումների և համագործակցության հնարավորությունների ակնկալիքով». Սերժ Սարգսյան
Չիլիի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Սանտյագոյի քաղաքապետ Կարոլինա Տոհայի հետ:
Քաղաքապետարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցած ընդունելության պաշտոնական արարողությունից հետո Քաղաքապետ Կարոլինա տոայը Հայաստանի Նախագահին է հանձնել քաղաքի բանալին և քաղաքի պատվավոր այցելուի պատվոգիրը: Իր խոսքում նա անդրադարձել է հայ-չիլիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման կարևորությանը` ՀՀ Նախագահի այցը մեծ խթան համարելով այդ ճանապարհին. «Հեռու չեմ լինի ճշմարտությունից, եթե խոստովանեմ, որ մենք` չիլիացիներս շատ քիչ բան գիտենք Հայաստանի մասին:
Գտնվելով հետու և պարփակված լինելով մեր աշխարհագրությամբ, մենք հաճախ պատկերացնում ենք, որ շատ փոքր երկրներ ենք: Եվ գտնվելով այս մեկուսացած և բարդ աշխարհագրական տարածքում` հաճախ սխալ ենք գործում և աշխարհը պարփակում ենք այն սահմաններով, որոնք մեզ ավելի մոտ են գտնվում: Այնուհանդերձ, պարոն Նախագահ, սա մի գեղեցիկ մարտահրավեր է մեզ համար, որպեսզի մենք մեր դռները բացենք մեկ այլ մշակույթի առջև և մերձենանք հայ ժողովրդի հետ:
Հայաստանի Հանրապետությունը լինելով երիտասարդ պետություն` ունի հնամենի մշակութային հարուստ ժառանգություն: Եվ ինչպես շատ հնագիտական ուսումնասիրություններ են ցույց տալիս, Հայաստանը աշխարհի քաղաքակրթության բնօրրաններից է: Հայաստանը շատ հետաքրքիր մի մշակույթ է ձևավորել շնորհիվ Եվրոպայի և Ասիայի հետ իր մշտական կապի:
Հայերի պարն ու երաժշտությունը ամենահինն ու ինքնատիպն են: Պատմության հազարամյակների ճանապարհին հայերը կարողացել են պահպանել իրենց ինքնությունը, և մենք` չիլիացիներս մեր մեծ հարգանքն ենք մատուցում այդ ամենի համար: Կարճ ժամանակահատված է անցել, երբ Հայաստանն ու Չիլին դիվանագիտական հարաբերութուններ հաստատեցին, որից հետո 1993թ. Պաշտոնականացվեցին հարաբերությունները միջազգային կառույցների միջոցով:
Այդուհանդերձ, այս հանդիպումը երկու ժողովուրդների համար լավ խթան և հնարավորություն է ճանաչելու միմյանց և Հայաստանի հազարամյա մշակույթը»,-ասել է Սանտյագոյի քաղաքապետը:
Պատասխան խոսքում Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ուրախ է գտնվել Լատինական Ամերիկայի իրավամբ լավագույն քաղաքներից մեկում` Սանտյագոյում, և ի դեմս քաղաքպետ Տոայի հանդիպել մշտապես ծաղկող այս քաղաքի հմուտ ղեկավարին. «Միաժամանակ ուրախ եմ հիասքանչ Սանտյագոյի խորհրդանշական բանալին ստանալու համար: Ես ընդունում եմ այն` ի նշան Հայաստանի և Չիլիի մայրաքաղաքների միջև հարատև բարեկամության և երկկողմ հարաբերությունների հետագա սերտացման:
Անչափ տպավորված եմ Սանտյագոյի առաջընթացով` պայմանավորված ինչպես գործարարության համար ստեղծված բարենպաստ պայմաններով, քաղաքային տնտեսության արդյունավետությամբ, անվտանգության բարձր աստիճանով, Սատյագոյի բնակիչների կենսամակարդակի բարձր ցուցանիշով, այնպես էլ քաղաքային ներհատուկ կոլորիտով, որի շնորհիվ Սանտյագոն դասվում է աշխարհի ամենագրավիչ և հետաքրքիր այցելավայրերի շարքին: Հիացած եմ քաղաքի նրբագեղ ճարտարապետությամբ, քաղաքը շրջապատող Անդյան վսեմ լեռնաշղթայով, որը հիշեցնում է Երևանն ու համայն հայության խորհրդանիշ բիբլիական Արարատ լեռը:
Թեև Հայաստանի և Չիլիի միջև աշխարհագրական մեծ տարածություն է ընկած, սակայն մեր ժողովուրդները դավանում են միևնույն արժեքները: Դա էր պատճառը, որ Օսմանյան Կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից փրկված հայությունը հասավ այս հեռավոր ափերը և Չիլիի իշխանությունների և ժողովրդի բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ կարողացավ ոչ միայն գոյատևել, այլև ապրել ու արարել: Այսօր ցանկանում եմ ևս մեկ անգամ երախտիքի խոսք հղել բարեկամ Չիլիին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար: Այս քայլը հատկապես կարևորվում է մեզ համար Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին:
Հարգարժան ներկանե´ր,
Ես ժամանել եմ Չիլի, որպեսզի երկրի ղեկավարության հետ քննարկեմ մեր երկկողմ հարաբերությունների ընդլայնման և խորացման հնարավորությունները:
Մենք համագործակցության խոստումնալից հեռանկարներ ենք տեսնում այնպիսի անշուշտ, կուզենայինք, որ մեր մայրաքաղաքների միջև հաստատվեին ամուր կապեր, պատկերավոր ասած՝ որպեսզի կամուրջ ձգվեր Անդերից Արարատ:
Հենց այս ցանկությունից ելնելով՝ ես սիրով հրավիրում եմ Ձեզ, տիկին Կարոլինա Տոհա, այցելել Հայաստան:
Եզրափակելով խոսքս, թույլ տվեք կրկին շնորհակալություն հայտնել տիկի՛ն քաղաքապետին այս հրաշալի միջոցառման համար: Ես հեռանում եմ նոր հանդիպումների և համագործակցության հնարավորությունների ակնկալիքով»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 11-ին այցելել է նաև Չիլիի «Պրեկոլոմբինո» թանգարան, որտեղ դիտել է այդ երկրի պատմության հնագույն ժամանակաշրջանը ներկայացնող ցուցանմուշները, դրանց միջոցով ծանոթացել տվյալ ժամանակաշրջանի պատմական իրողություններին:
Նույն օրը Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև Չիլիի հայկական համայնքի կողմից տասնամյակներ առաջ հիմնված «Հայ տուն», ծաղկեպսակ դրել բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ծառատունկ կատարել, որից հետո հանդիպում է ունեցել չիլիահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նախագահը հանդիպման ժամանակ խոսել է հայ-չիլիական հարաբերությունների ամրապնդման գործում փոքրաթիվ, սակայն գործունյա չիլիահայ համայնքի դերի, հայապահպանության և համազգային այլ կարևորագույն խնդիրների մասին, ներայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող և հաջորդ տարի ու նաև դրանից հետո նախատեսվող միջոցառումները, խոսել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար:
Նախագահն ընդգծել է, որ հպարտ է նման հայրենակիցներով և վստահ, որ հայ ժողովրդի հաջողության միակ բանալին, ինչպես բազմիցս է ասվել, միասնությունն է` Հայրենիքը ուժեղ է Սփյուքով, Սփյուռքը` Հայրենիքով: Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել է Չիլիի Հանրապետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս Էդուարդո Ռոդրիգես Գուառաչիին, Մովսես Խորենացու մեդալով` փոխծովակալ Հեռնան Կույումջյանին: Նախագահը շնորհավորել է նրանց` Հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու համար և մաղթել նորանոր հաջողություններ:
Ավարտելով տարածաշրջանային այցը Հարավային Ամերիկա` Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադառնում է Երևան:
ՀՀ Նախագահի աշխատակազմ