ՕԵԿ-ը ուզում է ցույց տալ քառյակին

Հուլիսի 18-ին «Օրինաց երկիր» կուսակցությունը Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել, որը կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը անվանեց «սոցիալական հանրահավաք»՝ երևի նկատի ունենալով, որ հանրահավաքում քննարկվելու են հիմնականում սոցիալական բնույթի հարցեր`գազի և էլեկտրաէներգիայի թանկացումներ, արտագաղթ, աղքատություն: Ա. Բաղդասարյանը վստահեցրեց, որ հանրահավաքը լինելու է լավը, իսկ խոսելով հանրահավաքի հնարավոր մասնակիցների թվաքանակի մասին՝ հայտարարեց, որ կուսակցությանը ընտրությունների ժամանակ ձայն են տվել հարյուր հազարավոր ընտրողներ և նրանց գերակշիռ մեծամասնությունը լինելու է հրապարակում: Բաղդասարյանի խոսքից կարելի է եզրակացնել, որ ՕԵԿ-ը մտադիր է հավաքել առնվազն 50 հազար մարդ, որովհետև հարյուր հազարի գերակշիռ մասը 50 հազարից ավելի է:

Նույնիսկ այն ժամանակ, երբ ՕԵԿ-ը տիրապետում էր վարչական լծակների, նման հանրահավաք կազմակերպելը այս կուսակցության համար խիստ բարդ գործ էր, քանի որ ավտոբուսներով բերված մարդիկ շատ շուտ փախչում էին հրապարակից, և այն շատ արագ դատարկվում էր: Հիմա նման հանրահավաք կազմակերպելը անհավանական է թվում: Բայց ՕԵԿ-ին Ազատության հրապարակը լցնելը օդ ու ջրի պես պետք է, քանի որ ՕԵԿ-ը բազմամարդ հանրահավաք կազմակերպելով՝ ուզում է քառյակին ցույց տալ, թե ո՞վ է ընդդիմադիր դաշտի առաջնորդը և «ո՞ւմ հետևից են գնում զանգվածները»: Քառյակի ներկայացուցիչները ևս սրտատրոփ սպասում են հանրահավաքին:

Տեսանյութեր

Լրահոս