Տավուշի մարզպետը՝ Քրիստոսի առաքյալների շարքում. «ՀԺ»

«Երեկ կայքերից մեկում հայտնված և համացանցում արագորեն տարածված, Տավուշի մարզի Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու սրբապատկերը ցնցել էր շատերին»,-գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Խորհրդավոր ընթրիքի» առաքյալների աստվածաշնչյան պատկերներից մեկը խիստ առանձնանում է 21-րդ դարի սանրվածքով և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին խիստ նման դիմագծերով: Աբովյանը, ի դեպ, ծնունդով Կողբից է և հենց նա է կառուցել սույն եկեղեցին, որի օծումը տեղի ունեցավ այս տարվա հունիսի 1-ին՝ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:

Նորակառույց եկեղեցու սրբապատկերի հեղինակ Անդրանիկ Անտոնյանը երեկ շտապեց հայտարարել, թե նախաձեռնության հեղինակն ինքն է, ցանկացել է անակնկալ մատուցել մարզպետին, բայց երբ աղմուկ է բարձրացել, վերջինս հրահանգել է՝ փոխել նկարը, ու հիմա եկեղեցում տեղադրված «Խորհրդավոր ընթրիքում» մարզպետը չկա: Նկարիչ Անտոնյանը, սակայն, մեղմ ասած, ճիշտ չասաց, նկարը նույն ձևով եկեղեցում է, և այս մասին մեզ հետ զրույցում ասաց ինքը՝ մարզպետը:

-Պարոն Աբովյան, ինչո՛ւ է ձեր նկարը հայտնվել եկեղեցու սրբապատկերի մեջ, ո՞ւմ նախաձեռնությունն է դա:

-Ես չգիտեմ՝ ում նախաձեռնությունն է: Ես շինարարությունն արել, տվել եմ, դրանից հետո իրենք են այդ նկարները արել: Նկարչին հարցրեք:

-Այսինքն, նկարչի՞ նախաձեռնությունն է։

-Նախաձեռնության բան էլ չկա, թե ով է ում նմանացրել, ես չգիտեմ:

Հիմա ձեր նկարը շարունակո՞ւմ է մնալ այնտեղ:

Իհարկե, մնում է: Բայց նկարները լրիվ տարբեր նկարներ են. թե հիմա ով է ում նմանացնում. ես չեմ կարող ասել, ի՞նչ ասեմ: Կոնկրետ անողը կա. կարող եք հետը խոսել»։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս