Ածուխը կօգնի պայքարել ալերգիայի դեմ
Ակտիվացված ածուխի ազդեցության սկզբունքը
Doctors.am-ի փոխանցմամբ՝ դեռևս հին հնդկական սանսկրիտական գրերում հիշատակվում է ածխի օգտակար մաքրող հատկությունների մասին: Խմելու համար նախատեսված ջուրը սկզբում անց էին կացնում ածխի միջով, իսկ հետո տաքացնում արևի ճառագայթների տակ պղնձե ամանում: Իսկ Եգիպտոսում դեռևս մ.թ.ա. մեկ և կես հազար տարի առաջ ածուխն օգտագործում էին բուժման նպատակով: Միջնադարյան Եվրոպայում նույնպես նրա մասին չէին մոռացել և այն օգտագործել են որպես վնասակար գազերի և նյութերի կլանիչ:
Ածխի գործողության մեխանիզմը հիմնվում է նրա ներծծող հատկության վրա: Բավական է մի քանի հաբ դնել բերանում և նրա շուրջ գտնվող լորձաթաղանթն անմիջապես չորանում է. դա հետևանք է այն բանի, որ ածուխն իր մեջ է ներծծում թուքը: Կլանումից հետո տեղի է ունենում մոտավորապես նույն երևույթը. ածխի միկրոմասնիկները վայրկենապես կապում են այլ նյութերի մոլեկուլները և պահում դրանք իրենց մակերևույթի վրա: Տարատեսակ ալերգածին, թունավոր ախտածին միկրոօրգանիզմները կլանվում են աղեստամոքսային տրակտի ամբողջ երկայնքով՝ ձևավորելով չլուծվող միացություններ, որոնք օրգանիզմից դուրս են գալիս բնական ճանապարհով:
Սննդային ալերգիայի բուժում
Ակտիվացված ածուխը կիրառվում է ցանկացած տիպի ալերգիայի դեպքում օրգանիզմի մաքրման և շլակների դուրս բերման նպատակով, սակայն առավելագույն ազդեցությունը ձեռք է բերվում սննդային ալերգիայի բուժման դեպքում:
Խնդիրը նրանում է, որ հիվանդության այդ ձևը հաճախ զարգանում է ստամոքսա-աղիքային տրակտի աշխատանքի խախտման ֆոնի վրա, երբ աղին «ծանրաբեռնված է շլակներով» և չի կարողանում լիարժեքորեն օրգանիզմից դուրս հանել մարսված նյութերը:
Նման իրավիճակում քայքայման ենթակա նյութերը սկսում են կուտակվել մաշկի ծածկույթում, քանի որ մաշկը նույնպես հանդիսանում է օրգանիզմից շլակների դուրս բերման օրգան: Հիմնականում կուտակվում են ճարպալույծ նյութերը, սպիտակուցների և հորմոնների վերամշակման արդյունքները: Մաշկում պաշտպանիչ իմունային բջիջները սկսում են փոխազդեցության մեջ մտնել դրանց հետ, ինչը հանգեցնում է սննդային ալերգիայի զարգացման համար պատասխանատու Е դասի իմունոգլոբուլների ձևավորմանը, որոնք, որպես կանոն, արտահայտվում են մաշկային ցանով:
Ինչպե՞ս ճիշտ կիրառել ակտիվացված ածուխը
Ածխի արտադրության ամենատարածված եղանակը սև գույնի հաբերի արտադրությունն է: Յուրաքանչյուր հաբի բաղադրության մեջ կա մարդու մարմնի 10 կգ զանգվածի համար նախատեսված ակտիվ նյութ: Հաբերը պետք է ծամել և խմել ջրով:
Սակայն կան նաև ածուխի արտադրության այլ ձևեր. մածուկ, հատիկներ և փոշի: Օգտագործումից անմիջապես առաջ դրանցից պատրաստում են կախույթ, որը շատ ավելի հարմար է փոքր երեխաներին տալու համար. այդպես ավելի հեշտ է հաշվարկել երեխայի համար նախատեսված չափաբաժինը և խմել դեղը:
Այսպիսով, դեղաչափը հետևյալն է.
Մեծահասակ հիվանդները պետք է հաշվարկեն հաբերի քանակը՝ ելնելով սեփական քաշից. 1 հաբ՝ մարմնի 10 կգ զանգվածի համար: Օրական նման չափաբաժինն ընդունում են մեկ անգամ՝ առավոտյան ուտելուց երկու ժամ առաջ, կամ բաժանում են երկու անգամվա ընդունման համար՝ առավոտյան և երեկոյան:
Երեխաների համար ակտիվացված ածուխի մեկանգամյա չափաբաժինը կազմում է 0,05 գրամ մարմնի զանգվածի 1 կգ-ի համար, իսկ օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 0,2 գրամը 1 կգ զանգվածի համար:
Ինչի՞ է բերում ածխի չարաշահումը
Ածուխը վաղուց և հաջողությամբ կիրառվում է ցանկացած տարիքի մարդկանց օրգանիզմի մաքրման և ալերգիայի ախտանիշների նվազեցման նպատակով. սա վերաբերում է նաև նորածիններին և հղի կանանց: Սակայն գիտությունը առաջ է գնում, և այսօր արդեն իսկ հստակորեն սահմանված է, որ ակտիվացված ածուխը, բացի վնասակար նյութերից, կլանում և ակտիվորեն դուրս է բերում նաև օգտակար վիտամինները, անփոխարինելի միկրոէլեմենտները, ինչպես նաև՝ սննդի որոշ բաղադրիչներ: Ի վերջո, այս պատրաստուկի չվերահսկվող և երկարաժամկետ ընդունումը կարող է հանգեցնել հիպովիտամինոզի և ալիմենտար (սննդային) դիստրոֆիայի:
Հաշվի առնելով, որ չարդարացված երկարաժամկետ բուժումից հետո օրգանիզմից դուրս են գալիս նաև մարսողական ֆերմենտները, ապա հիվանդի մոտ կարող են խախտվել նաև նորմալ մարսողության գործընթացները, ինչի արդյունքում կարող է առաջանալ փորլուծություն կամ փորկապություն:
Ահա թե ինչու վերջին ժամանակներս բժիշկները ավելի շատ են ուշադրություն դարձնում հիվանդների օպտիմալ բուժման կուրսի վրա՝ հաշվի առնելով նրանց օրգանիզմի ընդհանուր վիճակը: Սակայն, ամեն դեպքում ակտիվացված ածուխի ընդունման տևողությունը չպետք է գերազանցի 14 օրը, իսկ բուժման կուրսը չպետք է լինի տարվա ընթացքում երկու անգամից ավելի:
Կիրառման հակացուցումներին կարող եք ծանոթանալ Doctors.am կայքում: