Դավիթ Հարությունյան. «Ամեն ինչ պետք է անենք մեր երկրի համար, այլ ոչ թե մեղադրենք բոլորին՝ մոռանալով ինքներս մեզ»
«Լիբերալ Ժողովրդական» կուսակցության նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Սիրելի հայրենակիցներ: «Լիբերալ Ժողովրդական» կուսակցությունը շնորհավորում է բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ: Երկրում առաջին անգամ տեղի ունեցավ համաժողովրդական հանրաքվե, որով ընդունվեց երկրի Մայր օրենքը՝ հիմք դնելով նոր Հայաստանի ձևավորմանը: Սահմանադրության օրը մեր անկախության մեծագույն ձեռքբերումներից մեկն է, որով բարձրագույն արժեքներ ընդունվեցին և հռչակվեցին մարդը, նրա հիմնարար իրավունքներն ու ազատությունները, երկիրը թևակոխեց դեպի ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն դառնալու ուղին:
Սահմանադրության հաստատումից անցել է արդեն 19 տարի: Այս տարիների ընթացքում ունեցել ենք բավականին ձեռքբերումներ և թերություններ, կերտվել է նորանկախ Հայաստանի պատմությունը: Մեր յուրաքանչյուրիս պարտքն է զորավիգ լինել մեր երկրին և լինել մեր երկրի տերը՝ ըստ Սահմանադրության: Ցավոք սրտի, այսօր այն երազանքներն ու այն ցանկությունները, որոնք գոյություն ունեին մինչև Սահմանադրության ընդունումը, գրեթե գոյություն չունեն: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր երկրի քաղաքացիներն ենք և ամեն ինչ պետք է անենք մեր երկրի համար, այլ ոչ թե մեղադրենք բոլորին՝ մոռանալով ինքներս մեզ:
Կրկին սրտանց շնորհավորում ենք Սահմանադրության օրվա կապակցությամբ»: