3-ամյա Հայկը ավտովթարի պատճառով կորցրել է ամեն ինչ. Նրան օգնություն է պետք. Aysor.am
3-ամյա Հայկ Ղուկասյանը ծնվել է առանց առողջական խնդիրների, սակայն 9 ամսականում ավտովթարի հետևանքով վնասել է գլուխը և ընկել կոմայի մեջ, որից հետո նրան ախտորոշվել է ՄՈՒԿ ստատիկ տետրապարեզ:
Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում աjս մասին պատմեց Հայկի մայրը՝ Մարիաննա Մնացականյանը:
«Ավտովթարը եղել է Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին, երեխան գլխի վրա ընկել է ձեռքիցս, 29 օր կամոյի մեջ էր, որից դուրս գալուց հետո պարզվեց, որ կորցրել է ամեն ինչ՝ չէր կարողանում խոսել, շարժվել, կորցրել էր տեսողությունն ու լսողությունը, հիմա կամաց-կամաց վերականգնվում է»,- ասաց նա:
Մարիաննայի խոսքով՝ երեխան արդեն կարողանում է 5-6 բառ արտասանել և շարժումներ է անում, սակայն նրան հետևողական բուժում է անհրաժեշտ:
«Ես ինքս ֆիզիոթերապևտ եմ, անում եմ դրա հետ կապված հարցերը, բայց ինձ հարկավոր է նաև լոգոպեդի ծառայությունը՝ մեկ հանդիպումը՝ 3000 դրամ, որին դեռևս գումարի պատճառով չեմ տարել, դեղորայքային բուժում ենք ստանում, աջ կոնքի հոդը տեղաշարժված է, սեպտեմբերին պարզ կլինի՝ վիրահատում են, թե ոչ: Անցյալ տարի գլխի հեմատոմաները հեռացվեցին, բայց հիմա ունի կիստաներ և հիդրոցեֆալիա: Դեռևս դեղորայքով պայքարում ենք, որ հետագայում հիդրոցեֆալիան պատճառ չդառնա, որ շունտավորում անեն»,-ասաց նա:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Մանկական նյարդաբանության բաժնի վարիչ Հասմիկ Դանիելյանը, ով զբաղվում է երեխայի բուժմամբ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երեխան այժմ վերականգնողական բուժում է ստանում:
«Ավտովթարից հետո երեխայի մոտ ախտորոշվել է Մանկական ուղեղային կաթված, այժմ վերականգնողական բուժում է իրականացվում, դեղեր են նշանակվել: Մենք ի սկզբանե երեխայի մայրիկին ասել ենք, որ լիովին ապաքինում հնարավոր չէ, սակայն բուժման արդյունքում արդեն իսկ արձանագրվել է նկատելի առաջընթաց»,-ասաց Հ. Դանիելյանը:
Հայկի մոր խոսքով՝ երեխայի բուժման համար նշանակվել են «ПАНТОГАМ», որը նա պետք է ընդունի 3 ամիս՝ ընդհանուրը 190 դեղահաբ, «Кортексин», «Церебрум композитум» և «Когитум», անհրաժեշտ է նաև հաճախել լոգոպեդի մոտ՝ ամսական 8 անգամ, լողի և ձիարշավարան, որի համար ընդհանուր առմամբ ամսական անհրաժեշտ է 190 հազար դրամ:
Մարիաննան նշեց, որ ինքը աշխատում է կես դրույքով, իսկ ամուսինը նոր է տեղավորվել աշխատանքի և ստանում է ամսական 85 հազար դրամ, ապրում են վարձակալած բնակարանում, այդ պատճառով էլ անգամ տրանսպորտի գումարի պատճառով երեխայի բուժման հարցում խնդիրներ են առաջանում:
Հայկի ընտանիքին աջակցելու համար կարող եք գումար փոխանցել ՎՏԲ-բանկի հետևյալ հաշվեհամարներին՝
AMD 16009035495400
USD 16009035495401
EUR 16009035495402
RUR 16009035495403
Ստացող՝ Մարիանա Մնացականյան: