Ալեքսանդր Արզումանյանը` Տիգրան Սարգսյանի և Յուրի Վարդանյանի նշանակման մասին

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելը քաղաքական իմաստով նորմալ է, պարզապես քննադատության խնդիր կա` կապված հայտնի օֆշորային սկանդալի հետ: Այսօրվա ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

«Մենք ասում ենք` օֆշորային սկանդալով հանդերձ կարելի՞ էր Տիգրան Սարգսյանին նշանակել: Եթե օֆշորային սկանդալն ապացուցվի, այդ դեպքում մենք խոսելու ենք քրեական պատասխանատվության մասին»,- ասաց ասուլիսի բանախոսը:
Միաժամանակ Ա. Արզումանյանը կարծիք հայտնեց, որ նախ ամերիկացիները շոյված պետք է լինեն, որ Հայաստանը նախկին վարչապետին է դեսպան նշանակում իրենց երկրում, երկրորդը` Տիգրան Սարգսյանը շատ լավ պատկերացնում է հայ-ամերիկյան հարաբերություններն ու հարցերի շրջանակը և խնդիր չի ունենա դրանք ներկայացնելու գործում:

«Դա նորմալ քաղաքական նշանակում է: Մեր հիմնական գործընկերներից մեկը նաև Ռուսաստանն է, և այդ հարաբերությունների ողջ սպեկտորը ղեկավարել է նախկին վարչապետը, ով հայ-ամերիկյան տնտեսական խորհրդի համանախագահ է: Այնպես որ, այդ առումով ես խնդիր չեմ տեսնում: Խնդիրն ավելի շատ ծագել է մամուլի մոտ, որ կա օֆշորային սկանդալ: Եթե դա ապացուցվի, այստեղ դեսպանի խնդիր չի լինի, խնդիր կլինի` կոնկրետ ո՞ր քրեակատարողական հիմնարկի մասին ենք խոսում»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

Քաղաքական գործիչը խոսեց նաև մեկ այլ նորանշանակ դեսպանի` Յուրի Վարդանյանի մասին: Այս նշանակումը նա միանշանակ սխալ է համարում: Ըստ նախկին արտգործնախարարի` Վրաստանը կարևորագույն երկիր է Հայաստանի համար, և Վրաստանում Հայաստանի դեսպանը պետք է լինի հմուտ դիվանագետ և փորձված գործիչ. «Ես Յուրի Վարդանյանին համարում եմ ֆենոմենալ արդյունքներ արձանագրած ֆանտաստիկ սպորտսմեն, որով հպարտացել ենք, բայց դա չի նշանակում, որ նա ի վիճակի է ներկայացնել Հայաստանը Վրաստանում, որտեղ կան բազմաթիվ, բազմապիսի հարցեր, մանավանդ որ այժմ այս տարածաշրջանում արդեն բաժանարար ուժերի վտանգ է ստեղծվում: Վրաստանը ստորագրեց Ասոցացման պայմանագիրը: Այնտեղ մի քանի տասնյակ խրթին հարցեր են լինելու, որոնք ամենօրյա հետևողական, դիվանագիտական աշխատանք են պահանջում»:

Դիվանագետը հիշեցրեց, որ դիվանագիտական ծառայությունը նման է զինվորական ծառայության, և այդ բնագավառում մարդիկ բարձր պաշտոնների են հասնում` աստիճաններով բարձրանալով: Բացառություններ լինում են միայն այն դեպքում, երբ, ասենք, պետականությունը նոր է հիմնադրվել, երկիրը չունի դիվանագիտական կորպուս կամ բանակ, և շատերը կարող են միանգամից դեսպան կամ գեներալ դառնալ: Սակայն Յուրի Վարդանյանի նշանակումը, Ալեքսանդր Արզումանյանի խոսքով, չի պատկանում այդ կատեգորիային:

Տեսանյութեր

Լրահոս