Իրանի ու Արևմուտքի մերձեցումն ի չիք կդարձնի Ադրբեջանի աշխարհաքաղաքական նշանակությունը. ադրբեջանական մամուլ

Ադրբեջանական Virtualaz.org կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ու Իրանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նավթի օրական արտահանման մեծացման մասին: Այդ համաձայնագրից հետո Նյու Յորքի ֆոնդային բորսայում նավթի գները նվազեցին մինչև իրենց վեցամսյա նվազագույն մակարդակի: Այս մասին հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները:

Նրանց հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի անձնական խնդրանքով Իրանը համաձայնվել է մեծացնել նավթի արտահանումը: Տնտեսական վատթար վիճակում գտնվող Իրանին համոզելը չի պահանջել շատ ջանքեր: Ակնկալվում է, որ Իրանը նավթի օրական մատակարարումների ծավալը 715.000 տոննայից կհասցնի մինչև 2 միլիոն տոննայի: Դրա դիմաց ԱՄՆ-ը խոստացել է մեծացնել իր տնտեսական ներկայությունն Իրանում:

Հաջորդ շաբաթ ուղիղ ավիաչվերթները կբացվեն Իրանից Նյու Յորք, ապա կողմերը կհիմնեն Իրանա-ամերիկյան առևտրային պալատ: Financial Times-ի հաղորդմամբ՝ Իրանի նավթարդյունաբերության նախարարությունը սկսել է եվրոպական ու ամերիկյան էներգետիկ ընկերությունների հետ բանակցությունները՝ նրանց հրավիրելով ներդրումներ կատարել Իրանում, եթե վերացվեն իր էներգետիկ ոլորտի դեմ սահմանված պատժամիջոցները:

Իրանի էներգետիկ ոլորտ վերադառնալ ցանկացող ընկերությունների թվում են ֆրանսիական Total, բրիտանական Shell, իտալական Eni և նորվեգական Statoil ընկերությունները: Անկասկած է, որ Իրանի ու Արևմուտքի մերձեցումը տնտեսական առումով որևէ լավ բան չի խոստանում Ադրբեջանին:

Արևմտյան վերլուծաբանները վստահ են, որ արևմտյան ընկերությունների Իրան վերադառնալու դեպքում կմեծանա նավթի արտահանումը, և հնարավորություն կստեղծվի իրանական գազը Եվրոպա արտահանելու համար, ինչն ի չիք կդարձնի Ադրբեջանի աշխարհաքաղաքական նշանակությունը:

Իրանի ու Արևմուտքի մերձեցումն արդեն իսկ սկսել է բացասաբար ազդել Ադրբեջանի տնտեսության վրա, որը հենված է նավթի արտահանման վրա: 2014 թվականի Ադրբեջանի բյուջեն պատրաստվել է՝ ելնելով մեկ բարել նավթի դիմաց 100 դոլար գնի վրա: Եթե նավթի գները նվազեն այդ նշաձողից ներքև, ապա Ադրբեջանը կբախվի բյուջեի դեֆիցիտի:

Ամենավերջին տվյալներով, Նյու Յորքի ֆոնդային բորսայում WTI տիպի նավթի մեկ բարելը նվազել է վերջին վեց ամսվա իր նվազագույն մակարդակի՝ 92 դոլար: Լոնդոնյան բորսայում նույնպես զգացվում է նավթի գների անկում, ճիշտ է՝ առայժմ աննշան չափով: Մեկ բարել նավթի գինը նվազել է 10 ցենտով՝ կազմելով 110.8 դոլար:

Տեսանյութեր

Լրահոս