Նահապետյանը մեղադրվում է ցորենի արտի մոտ սիրուհուն խեղդամահ անելու մեջ

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 28-ին կշարունակվի խեղդամահ անելու գործով դատական քննությունը: Ինչպես տեղեկանում ենք  datalex  դատական տեղեկատվական համակարգից, Հ. Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր սիրուհի Ա. Ա.-ի հետ մեքենայով գնացել է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի «Խանումի ձոր» կոչվող վայրից ոչ հեռու գտնվող ցորենի արտի մոտ` նախորդ օրը Ա. Ա.-ի կողմից իր տանը ստեղծած միջադեպի շուրջ զրուցելու և հաշտության եզրեր գտնելու նպատակով:

«Ընթացքում ժամը 19:30-ի սահմաններում, նույն հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ա. Ա.-ից լսելով վիրավորական բառեր իր ընտանիքի հասցեին, վրեժխնդիր լինելու ցանկությամբ նախ ձեռքերով հարվածներ է հասցրել Ա.Ավետիսյանին` պատճառելով արյունազեղումներ ճակատին ձախից, ձախից վերին և ստորին կոպերին, վերին և ստորին շրթունքներին, գլխի մաշկի տակ ձախ ճակատային շրջանում, քերծվածքներ ձախ այտին, վերին շրթունքին ձախից, կրծքավանդակի առաջնային և հետին մակերեսներին, այնուհետև ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքերով սեղմել է վերջինիս պարանոցը, պատճառել մեխանիկական շնչահեղձություն և խեղդամահ անելով սպանել է նրան»,- ըստ datalex-ի՝ նշված է մեղադրական եզրակացության մեջ:

Հ. Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդված: Հ. Նահապետյանը կալանավորված է: Գործը քննում է դատավոր Գագիկ Սարգսյանը:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Տեսանյութեր

Լրահոս