Իրանի ու «Վեցյակի» միջև դեռ առկա են որոշակի տարաձայնություններ. Զարիֆ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու «Վեցյակի» միջև շարունակում են մնալ մի շարք տարաձայնություններ, որոնք առնչվում են հարցերի սահմանափակ շրջանակի հետ: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի արտգործանախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Վերջինիս խոսքերով՝ բանակցությունները լավ են ընթանում, սակայն մի շարք հարցերի շուրջ կան տարաձայնություններ: Իրանական պատվիրակությունում եղած աղբյուրը հաստատել է, որ բանակցությունների մթնոլորտն այսօր ավելի լավ է, քան երեկվանը: Եվ այնուամենայնիվ, դեռ հստակեցում չկա կողմերի միջև համաձայնագրի ստորագրման հարցում:
Դիվանագիտական աղբյուրները չեն բացառում, որ Ժնևում Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները, որոնք մեկնարկել են նոյեմբերի 20-ին, կարող են շարունակվել նաև վաղը: Բանակցային նախորդ փուլը Ժնևում անցկացվել է նոյեմբերի 7-9-ին: