Մաշտոցի պողոտայում ձերբակալված, ապա կալանավորված Սևակ Մնացականյանի խափանման միջոցը մնացել է անփոփոխ

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում ձերբակալված, ապա կալանավորված Սևակ Մնացականյանի խափանման միջոցը: 168.am-ին այս մասին տեղեկացրեց նրա պաշտպան Անդրանիկ Աբաջյանը:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանն ավելի վաղ որոշում էր կայացրել Սևակ Մնացականյանին կալանավորելու մասին: Այդ որոշումը բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը երեկ մերժել է այն: Անդրանիկ Աբաջյանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ պահանջը հիմնավոր չէ:

Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ նախաքննական մարմինն ու առաջին ատյանի դատարանը ի՞նչ հիմնավորումներ են ներկայացրել Սևակ Մնացականյանին կալանավորելու համար: «Այդ հիմնավորումները մեր հանրապետությունում հիմնականում կրում են շաբլոն բնույթ՝ թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել քննությանը, և այլն, և այլն»,- ի պատասխան ասաց Ա. Աբաջյանը:

Նա պնդեց, որ համաձայն չեն ներկայացված հիմնավորումների հետ: «Բացարձակապես համաձայն չենք, որովհետև կոնկրետ իմ պաշտպանյալի կտրվածքով ինքը չի էլ ճանաչում նույնիսկ այդ երթի մասնակիցներից շատ շատերին»,- ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ Սևակ Մնացականյանը դիրքորոշում հայտնել է: Միաժամանակ նա նշեց, որ, ելնելով պաշտպանական մարտավարությունից, չի ցանկանում նշել՝ Ս. Մնացականյանն առաջադրված մեղադրանքն ընդունե՞լ է, թե՞ ոչ:

Նշենք, որ Սևակ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով):

Տեսանյութեր

Լրահոս