Իրանի էներգետիկայի նախարար. Այսօր կարևոր է հնարավորինս շուտ գործնական փուլի անցնել երկու խոշոր ծրագրերի` Մեղրի ՀԷԿ-ի և Երրորդ բարձրավոլտ գծի շինարարության հարցում

Նոյեմբերի 22-ին Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ նՆախարարը ողջունել է Երևանում հյուրընկալված իրանցի գործընկերներին ու մաղթեց արդյունավետ աշխատանք: «Հայաստանի և Իրանի միջև չկա քաղաքական որևէ խնդիր և մեր ջանքերն ամբողջությամբ ուղղված են տնտեսական ու մշակութային դաշտում համագործակցությունն ընդլայնելուն և զարգացնելուն»,- ասել է Արմեն Մովսիսյանը:

«Մենք ունենք համագործակցության մեծ ներուժ, և պետք է ամեն ինչ անենք այդ ներուժը լիարժեք օգտագործելու համար, քանի որ մեր ծրագրերն ուղղված են երկու երկրների տնտեսական զարգացմանը»,- հավելել է նա:

Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը հայ գործընկերներին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: «Հուսով եմ, որ Իրանի և Հայաստանի միջև եղած բարեկամության ներքո կկարողանանք ավելի զարգացնել մեր կապերն ու լիարժեք օգտագործել ձեր նշած ներուժը,- ասել է Համիդ Չիթչիանը՝ հավելելով,- Այսօր կարևոր է հնարավորինս շուտ գործնական փուլի անցնել երկու խոշոր ծրագրերի` Մեղրի ՀԷԿ-ի և Երրորդ բարձրավոլտ գծի շինարարության հարցում»:

Հանդիպման ընթացքում հայ և իրանցի էներգետիկները քննարկեցին համատեղ ծրագրերին վերաբերող հարցերը, էլեկտրաէներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցության խնդիրները:

Ի դեպ, մինչ Երևան ժամանելը պատվիրակության փորձագիտական խումբը, հայ մասնագետների հետ, այցելել էր Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ` բնապահպանական խնդիրները քննարկելու նպատակով: Դեռևս 2010 թվականին հայկական և իրանական կողմերը, Մեղրի և Ղարաչիլար ՀԷԿ-երի շինարարության  շրջանակներում, պայմանավորվել էին հատուկ ծրագիր իրականացնել` Արաքս գետի  ջրերը աղտոտվածությունից պաշտպանելու նպատակով: Այսօր արդեն Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում ներդրվել է ժամանակակից տեխնոլոգիա` ջրի փակ շրջանառման համակարգ, որը բացառում է կեղտաջրերի հոսքը Արաքս գետ: Մասնագետները փաստեցին, որ ներդրված համակարգը ծառայում է նպատակին:

Հայաստան այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց նաև ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ: Ծրագրված է նաև պատվիրակության հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս