Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղի ու Սիրիայի հարցերը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նեղ կազմով բանակցելուց հետո քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակն ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Էրդողանը Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստում հայտարարել է. «Կան ընդհանուր քայլեր, որոնք մենք կարող ենք ձեռնարկել, և տվյալ թեմաների շուրջ մեր անցկացրած բանակցությունները մեզ հնարավորություն են ստեղծել ձևավորել այդ հարցերի կարգավորման բազա, հարթակ:
Ես հավատում եմ, որ Ռուսաստանն ու Թուրքիան պարտավորություններ ունեն տարածաշրջանի նկատմամբ՝ Ղարաբաղյան հակամարտության, Սիրիայում տիրող իրավիճակի, Իրաքում իրավիճակի զարգացման տեսանկյունից»:
Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ մի շարք հարցերի շուրջ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև առկա տարաձայնությունները չեն կարող սառեցնել երկու երկրների միջև հարաբերությունները: Պուտինը հավելել է, որ երկկողմ կապերն ինտենսիվորեն զարգանում են բոլոր ուղղություններով, իսկ քաղաքական երկխոսությունը կրում է կանոնավոր բնույթ.
«Մենք փոխգործակցում ենք տարածաշրջանային ու միջազգային առանցքային խնդիրների լուծման շուրջ, այդ թվում նաև ՄԱԿ-ի և G-20-ի շրջանակներում: Մենք կարող ենք տարաձայնություններ ունենալ առանձին խնդիրների շուրջ, սակայն դրանք չեն հանգեցնում մեր հարաբերությունների սառեցմանը: Շփումները դառնում են ավելի խիտ, որոնվում են շփման նոր կետեր»: