Գեորգի Մարգվելաշվիլին Վրաստանի միակ կին գեներալին նշանակել է ԱԱԽ քարտուղարի պաշտոնում
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր ստորագրել է երկրի միակ կին գեներալ Իրինա Իմերլիշվիլիին Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղարի և նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնում նշանակելու հրամանը:
Իրինա Իմերլիշվիլին սրանից առաջ զբաղեցնում էր Վրաստանի խորհրդարանի՝ ընթացակարգային հարցերի ու կանոնների հանձնաժողովի նախագահը: ԱԱԽ-ի քարտուղարի պաշտոնում Իրինա Իմերլիշվիլին փոխարինել է Գիգա Բոկերիային (Սաակաշվիլիի կուսակիցը), ով տվյալ պաշտոնը զբաղեցնում էր 2010 թվականի նոյեմբերից և հրաժարական է տվել այս տարվա նոյեմբերի 16-ին՝ Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալությունից մեկ օր առաջ:
Նոյեմբերի 17-ին ուժի մեջ մտած նոր Սահմանադրությամբ, սահմանափակվել են ԱԱԽ քարտուղարի լիազորությունները, որոնք այժմ առնչվում են միայն պետական պաշտպանության հարցերին: Քարտուղարն այլևս իրավասու չէ զբաղվել երկրի ազգային շահերին սպառնացող մյուս տիպի ճգնաժամային իրավիճակների ղեկավարման կոորդինացիայով:
Միևնույն ժամանակ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր ստորագրել է Իվանե (Վանո) Մաչավարիանիին Վրաստանի նախագահի (իր)՝ արտաքին քաղաքական հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակելու հրամանը: Իվանե Մաչավարիանին 2007-2009 թվականներին հանդիսացել է Ճապոնիայում Վրաստանի առաջին դեսպանը: