 
                        Ավարտվել է Շտեֆան Ֆյուլեի ուկրաինական այցը
 
                                    Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավարտվել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի ուկրաինական այցը: Այս մասին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Ստանոն:
Վերջինիս խոսքերով՝ ներկայումս Ֆյուլեն վերադառնում է Կիևից, ինչից հետո նա քննարկումներ կունենա ԵՄ-ի գծով գործընկերների հետ, և հետո նոր մանրամասն տեղեկատվություն կտարածվի նրա ուկրաինական այցի մասին: Ստանոն ընդգծել է, որ իրենք պլանավորել են այսօր կրճատ տեղեկատվություն տարածել այցի մասին:
Շտեֆան Ֆյուլեն Ուկրաինա է ժամանել երեկ և նույն օրը գտնվել է Ուկրաինայի խորհրդարանում՝ հանդիպելով վերջինիս նախագահ Վլադիմիր Ռիբակի հետ: Հանդիպման ժամանակ Ֆյուլեն ու Ռիբակը քննարկել են Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հարցում ԵՄ-ի առջև Ուկրաինայի ստանձնած պարտավորությունների կատարման հարցը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        