ԱՄՆ պետդեպարտամենտը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Պսակին երեկ հայտարարել է, որ ԱՄՆ-ը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո այսօր (երեկ) Վիեննայում անցկացված Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը.
«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների այդ առաջին քայլը և ոգևորված ենք նրանից, որ նրանք պայմանավորվել են իրենց հաջորդ հանդիպումն անցկացնել առաջիկա ամիսներին:
Դա նրանց առաջին հանդիպումն էր գրեթե երկու տարվա ընթացքում, այս գագաթաժողովը կարևոր քայլ է երկխոսության վերագործարկման ճանապարհին, և ի ցույց է դնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ առաջնորդների հավատարիմ գտնվելը:
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ, համառորեն երկու նախագահներին կոչ է անում ակտիվորեն աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ,որը ծանր բեռ է դարձել երկու կողմի համար էլ»: