Բաժիններ՝

Նոր մանրամասներ. հնդիկ ուսանողը դանակահարել էր աղջկան, ապա ինքնասպան եղել

Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 16-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Նոր Արեշի 17-րդ և 8-րդ փողոցների անկյունում գտնվող իր տուն է մտել արյունլվա մի անծանոթ աղջիկ, իսկ մյուս անծանոթն ընկած է փողոցում:

Նույն օրը, ժամը 19.30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «պարանոցի և կրծքավանդակի ձախ կեսի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Նոր Արեշի 8-րդ փողոցի թիվ 14 տան մոտից բուժօգնության է տեղափոխել 24-ամյա Ա. Ա.-ն:

Ըստ շտապօգնության բժշկի հայտարարության` Նոր Արեշի 8-րդ և 17-րդ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել դանակահարություն, իսկ ժամը 19.40-ին, նույն բուժկենտրոնից հաղորդում է ստացվել, որ կենսաբանական մահ ախտորոշմամբ Նոր Արեշի 8-րդ և 17-րդ փողոցների խաչմերուկից իրենց մոտ է տեղափոխվել 32 տարեկան տղամարդու դիակ:

Պարզվել է, որ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 1985 թ. ծնված Դենիշ Բաբու Շահաբ Սինգխը Նոր Արեշի 17-րդ փողոցում գտնվող իր վարձակալած տանն ամուսնության առաջարկ է արել Ա. Ա.-ին, սակայն վերջինիս կողմից մերժում ստանալուց հետո խոհանոցային դանակով որովայնի շրջանում բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել նրան, այնուհետև նույն դանակով իր պարանոցի զարկերակները կտրելով` ինքնասպանություն է գործել:

Ըստ բժշկի տեղեկանքի` Ա. Ա.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս