Առանց վիզայի Ռուսաստանում գտնվող օտարազգիներին կարող են արգելել երկրում մնալ 90 օրից ավելի
Ռուսական Коммерсант թերթի փոխանցմամբ՝ առանց վիզայի ու աշխատանքի թույլտվության օտարազգիներին կարող են արգելել կես տարվա ընթացքում Ռուսաստանի տարածքում գտնվել 90 օրից ավելի, իսկ Դաշնային միգրացիոն ծառայությունը կարող է ներդնել ներգաղթյալի էլեկտրոնային ինքնության վկայական:
Նշվում է, որ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը պետական սահմանային հանձնաժողովի հետ քննարկել է ներգաղթյալների հարցը: Դրա արդյունքներով, Դաշնային միգրացիոն ծառայությանը հանձնարարվել է մինչև 2015 թվականը մշակել ներգաղթյալի ինքնության էլեկտրոնային վկայականի ստեղծման ու ներդրման հարցը:
Բացի այդ, հանձնարարվել է մոտ ապագայում պատրաստել այն կանոնները, որոնց համաձայն, առանց վիզա Ռուսաստան մուտք գործելու և աշխատանքի թույլտվության իրավունք ունեցողները կարող են կես տարում երկրի տարածքում գտնվել 90 օրից ոչ ավելի: Հանձնաժողովն Առողջապահության նախարարությանը հանձնարարել է օրինագիծ պատրաստել Ռուսաստան մուտք գործող քաղաքացիների բժշկական ապահովագրվածության վերաբերյալ: