«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը չընդունվեց
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից ԱԺ ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության:
Օրենքի հեղինակ Զարուհի Փոստանջյանը, վարման կարգի վերաբերյալ խոսքի իրավունք ստանալով, անդրադարձավ երեկվա քննարկման արդյունքում հնչած տեսակետներին. «Հնչեցին փաստարկներ, որ բանակցային գործը կարող է խաթարվել: Պետք է ասեմ, որ ի սկզբանե բանակցությունները խաթարված են»,- նշեց նա: Փոստանջյանը, սակայն, չկարողացավ շարունակել իր խոսքը, քանի որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պահանջեց անջատել վերջինիս խոսափոխը՝ պատճառաբանելով անցնել ոչ թե բանակցային քննարկման, այլ խոսել վարման կարգի մասին:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ նկատեց. «Ես կարծում եմ, որ մենք այն մարդիկ ենք, որ քաղաքական դաշտ ենք եկել Ղարաբաղի հարցով: Երեկ նշվեց, որ Հանրապետականը պասիվ է, բոյկոտում է օրինագիծը: Ասեմ, որ տհաճությունն ու բոյկոտը իրարից պետք է տարբերեք: Եվ մենք քվեարկությանը չենք մասնակցում՝ ցուցաբերելով տհաճություն»:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին ասաց, թե իրենք չեն մասնակցի քվեարկությանը՝ համարելով, որ Արցախի հարցը չպետք է կուսակցական կամ քաղաքական խաղերում մանրադրամ հանդիսանա:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե լինելով ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման հետևողական կողմնակից և վաղաժամ համարելով հարց՝ը իրենք ևս քվեարկությանը չեն մասնակցի:
Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց, թե ինքը թեպետ դեմ է արտահայտվել, բայց տեսնելով ստեղծված իրավիճակը ձեռնպահ կքվեարկի։ Իսկ անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ չի մասնակցի քվեարկությանը: Այսպիսով՝ ձայների 10 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ չընդունվեց: Ի դեպ, օրինագծին կողմ են քվեարկել ՀՅԴ խմբակցության բոլոր պատգամավորները, ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Թևան Պողոսյանը, Ռուբեն Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը, իսկ ձեռնպահ է քվեարկել Ալեքսանդր Արզումանանը: