Նյու Յորքում կործանված երկնաքերերի տեղում կառուցված երկնաքերը ճանաչվել է ԱՄՆ-ի ամենաբարձր շենք
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նյու Յորքում՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված ահաբեկչության հետևանքով Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու երկնաքեր աշտարակների կործանման վայրում, կառուցված երկնաքերը պաշտոնապես ճանաչվել է ԱՄՆ-ի ամենաբարձր շինություն:
Նման եզրակացության է եկել 30 ճարտարապետից բաղկացած փորձագիտական հանձնաժողովը: 104 հարկանի Ազատության աշտարակի, որը պաշտոնապես ստացել է Համաշխարհային առևտրի կենտրոն-1 անունը, բարձրությունը կազմում է 541 մետր, մինչդեռ նրա մերձակա «մրցակից», Չիկագոյի Willis Tower երկնաքերի բարձրությունը կազմում է 442 մետր:
1973 թվականին կառուցված Willis Tower-ը գրեթե 25 տարվա ընթացքում հանդիսացել է աշխարհի ամենաբարձր շենքը: Շենքի վրա առկա է ալեահավաք, սակայն դրա բարձրությունը հաշվի չի առնվում շենքի բարձրությունը որոշելիս: Համաշխարհային առևտրի կենտրոն-1 երկնաքերն իր բարձրությամբ առաջինն է Արևմտյան կիսագնդով և երրորդը՝ համայն աշխարհում:
Աշխարհում ամենաբարձր երկնաքերը գտնվում է Դուբայում, Բուրջ-Խալիֆա երկնաքերի բարձրությունը կազմում է 828 մետր: Երկրորդ ամենաբարձր երկնաքերը գտնվում է Մեքքայում՝ 601 մետր: Միևնույն ժամանակ ներկայումս Չինաստանում ու Հարավային Կորեայում կառուցվում է 5 շինություն, որոնք պետք է իրենց բարձրությամբ գերազանցեն Համաշխարհային առևտրի կենտրոն-1-ին: