Լյովա Խաչատրյան. Ամբողջ երկիրը աշակերտական դասարանի է վերածվել

168.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ խմբակցությունը որոշեց Վերահսկիչ պալատի նախագահի ընտրության ժամանակ կողմ քվեարկել Իշխան Զաքարյանի թեկնածությանը: «Որովհետև նա իր գործառույթները բավականին մեծ ծավալով կատարել է: Իր գործառույթը բացահայտելն է, և նա բացահայտել է ու այս ամբիոնից հայտարարել է»,- պատճառաբանեց Լյովա Խաչատրյանը:

Հարցին, թե հունիսի 29-ին Սերժ Սարգսյանի մոտ հրավիրված հայտնի խորհրդակցությունից հետո, որի ընթացքում քննադատություններ հնչեցին Իշխան Զաքարյանի հասցեին, արդյոք այդ բացահայտումները շարունակական կլինե՞ն, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց.

«Ես գնահատականը տվեցի կատարած աշխատանքի համար: Թե ինչ կկատարվի հետագայում` չեմ կարող ասել»:

Դիտարկմանը` փաստորեն նախկին աշխատանքի համար եք կողմ քվեարկել, նա համաձայնեց: Հարցին, թե ապագայի հետ կապված ակնկալիքներ չունե՞ք, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Դե գիտեք, ես գուշակ չեմ: Կարծես մեծ բացահայտումներ է արել, իսկ թե ինչո՞ւ ընթացք չի տրվել՝ դա արդեն ՎՊ-ի գործառույթը չի»:

Իշխան Զաքարյանի թեկնածության քննարկումների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել էր. «…Անձն առանձին հզոր ուժ չէ, որ պահանջեք վերցնի թուր կեծակին ու էս ամեն ինչը շտկի: Դրա համար ասում ենք՝ վերահսկման հիմնական լծակները պետք է տամադրվեն ընդդիմությանը, մի վախեցեք: Եվ հնարավոր չէ, որ դրանից հետո ընդդիմության ՎՊ նախագահը կգնար ու աշակերտի նման կներկայանար նախագահական ու կլսեր՝ ինչ են իր մասին ասում»:

Լյովա Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ համաձայն չե՞ք դահլիճում հնչած տեսակետի հետ, թե Ի. Զաքարյանը «աշակերտի» պես գնաց Սերժ Սարգսյանի մոտ, ասաց. «Ամբողջ երկիրը աշակերտական դասարանի է վերածվել»։

Նաև հետաքրքրվեցինք` Դուք է՞լ աշակերտի նման հանձնարարություն եք ստացել ու եկել եք քվեարկելո՞ւ. «Ոչ, իմ պարագայում ես ինքս էլ այդպես եմ կարծում, կողմ եմ քվեարկել, որովհետև նա իր գործառույթները կատարել է: Նման նախադեպ մենք չենք ունեցել, նման մեծ ծավալի բացահայտում չենք ունեցել և այն հնչեցրեց քաղաքական ամբինոից, ի՞նչ ենք ուզում, էդ մարդը ուրիշ գործառույթ չունի, ի՞նչ ենք պահանջում մենք իրանից։ Այո, մենք քննադատում ենք, որ կարելի էր ոչ թե այդ 700-ը գտնել, այլ 780-ը, բայց համետության մեջ պետք է նայենք, չէ՞»,- պատասխանեց Լյովա Խաչատրյանը:

Տեսանյութեր

Լրահոս