Ուկրաինայի խորհրդարան է ներկայացվել Տիմոշենկոյին ազատ արձակելու վերաբերյալ օրինագիծ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինացի պատգամավոր Օլեգ Լյաժկոն Գերագույն ռադայում (խորհրդարան) գրացնել է ազատազրկման մեջ գտնվող երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին հետագա ազատազրկումը կրելուց ազատող օրինագիծ:
Ուկրաինայի խորհրդարանի կայքում նշված է, որ այդ օրինագիծը գրանցվել է այսօր, փաստաթղթի տեքստը դեռ չկա կայքում: Նշվում է, որ խորհրդարանին արդեն իսկ ներկայացվել են մի շարք օրինագծեր, որոնք առնչվում են Տիմոշենկոյին արտասահամանում բուժում ստանալու իրավունք ընձեռելուն:
Սակայն իշխանություններն ու ընդդիմությունը չեն կարողացել պայմանավորվածության գալ դրանցից մեկնումեկի ընդունման շուրջ, և ստեղծել են աշխատանքային խումբ՝ փոխընդունելի օրինագիծ մշակելու համար:
Վաղը տեղի է ունենալու Գերագույն Ռադայի արտահերթ նիստը, որում գլխավոր հարցը հանդիսանալու է արտասահմանում Տիմոշենկոյի բուժում ստանալու խնդիրը: Եվրախորհրդարանի մոնիթորինգային առաքելությունը, որի գնահատականներից է կախված Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, Կիևի համար սահմանել է սեղմ ժամկետ՝ նոյեմբերի 12-13՝ եվրաինտեգրացիոն օրենքներ ընդունելու համար:
Տիմոշենկոն 2011 թվականի վերջին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի հետ գազային համաձայնագրեր ստորագրելիս իր ծառայողական լիազորությունները գերազանցելու համար: Մեկուկես տարի է, ինչ նա բուժման նպատակով գտնվում է Խարկովի հիվանդանոցում: