Դիլիջանի աշխատատեղերը երևանցիների՞ համար են
Մարզպետը նոյեմբերյանցի գործազուրկներին Դիլիջան է ուղարկում
tesankyun.am-ի փոխանցմամբ` 2013թ. սեպտեմբերի 2-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը Նոյեմբերյանում քաղաքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ խոսելով գործազրկության մասին, հայտարարել է, որ մարզի Դիլիջան քաղաքում կան թափուր աշխատատեղեր, նոյեմբերյանցիները կարող են գնալ այնտեղ, աշխատել:
«Առավոտի» թղթակիցը Դիլիջանի բնակիչներից բողոքներ է ստացել, որ Դիլիջանում նոր գործարկվող հիմնարկներում մեծամասամբ աշխատում են դրանց երեւանցի տերերի ծանոթները եւ բարեկամները, դիլիջանցիներին հիմնականում առաջարկում են հավաքարարի, աման լվացողի գործ: Դիլիջանի տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ Ֆլորա Մարգարյանը հայտնել է, որ ներկայումս Դիլիջանում մոտ 20 թափուր աշխատատեղ կա՝ էլեկտրիկի, տեխնիկի, ամրանագործի համար: Նա ասել է, որ կապված Դիլիջանում ընթացող միջազգային դպրոցի կառույցների շինարարության հետ, առաջիկայում շինարարության ոլորտում նոր աշխատատեղեր կառաջանան: Ֆ. Մարգարյանն ասել է, որ դիլիջանցիները հյուրանոցային, առողջարանային եւ այլ բնագավառում մոտ 2 ամիս աշխատելուց հետո, նրանց ազատում են աշխատանքից՝ աշխատատեղին չհամապատասխանելու պատճառաբանությամբ: