Թուրքիային «քրդական» գազի մատակարարումը կմեկնարկի 2017 թվականի սկզբին

Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ 2012 թվականին Թուրքիայում գազի սպառումը կազմել է 45 միլիարդ խորանարդ մետր: Դրա 80 տոկոսը մատակարարել են Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը (Թուրքիան հեղուկացված գազ է ներկրում Ալժիրից ու Նիգերիայից – 168.am): Միջին հաշվով Թուրքիան 1000 խորանարդ մետր գազի համար վճարել է 442 դոլար:

Սակայն երկրի ներսում 1000 խորանարդ մետր գազը վաճառվել է 320 դոլարով: Այսինքն, պետությունը սուբսիդավորել է 122 դոլարը: Ներկրվող բնական գազի գները նվազեցնելու կապակցությամբ կառավարությունը գնացել է պատմական քայլի՝ գազի ներկրման շուրջ պայմանավորվածության գալով Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարության հետ:

Դրա համաձայն, «քրդական գազի» առաջին մատակարարումները սկսվելու են 2016 թվականի վերջին կամ 2017 թվականի սկզբին: Սկզբնական շրջանում Թուրքիան Հյուսիսային Իրաքից կստանա տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ: Հետագայում դա կրկնապատկվելու է: Միևնույն ժամանակ Թուրքիան Հյուսիսային Իրաքից օրական ստանում է 2 միլիոն բարել հում նավթ:

Պետք է գազատար կառուցվի Հյուսիսային Իրաքից դեպի Թուրքիա: Խողովակաշարի կառուցումը գնահատվում է 3-4 միլիարդ դոլար: Հյուսիսային Իրաքից եկող գազը կարող է միանալ «Անդրանատոլիական» գազատարին (TANAP), որը ադրբեջանական (կասպյան) գազը հասցնելու է Եվրոպա:

Թուրքիայի այս պլանները մեծ լարվածություն են առաջացնում Իրաքի կենտրոնական կառավարության և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարության միջև: Իրաքի Սահմանադրության համաձայն, նավթի արտահանումից ստացվող եկամուտների 83 տոկոսը պետք է բաժին հասնի Բաղդադին, և միայն 17 տոկոսը՝ Էրբիլին (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կենտրոն): Քրդերը սակայն համակարծիք չեն դրան:

Տեսանյութեր

Լրահոս