Աշոտ Մանուչարյանը պատմում է, թե Շանթ Հարությունյանը ինչ հասկացրեց բոլորին
Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն իրեն արդեն նոր Հայաստանում է զգում, տեղեկացնում է aravot.am-ը: «Դեռեւս երկու օր առաջ Հայաստանը լրիվ ուրիշ իրավիճակում էր, հիմա զգացում կա, որ ուրիշ Հայաստանում ենք: Ի՞նչ է փոխվել՝ երիտասարդությունը, որը սպասում էր, որ պետք է իրենց հայրերը փոխեն երկրում ստեղծված իրավիճակն, այսօր ոտքի են կանգնել»,- այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկների հանրահավաքի ժամանակ ասաց Աշոտ Մանուչարյանը: Նա նաեւ հայտարարեց, որ առաջիկա օրերին պետք է որոշել՝ ավագ սերունդը տե՞ր է երիտասարդների պայքարին: Նրա խոսքով, Հայաստանում բերսպրեդելը համատարած բնույթ է կրում, ու մարդիկ կարծում են, թե ամեն ինչ իրենց թույլատրված է.«Այս իրավիճակն այլեւս երիտասարդությունը չի հանդուրժում: Նրանք այդ հմտությունը չունեն, որ քաղաքական գործիչների նման երկար պրպտեն, համբերեն, նրանք անմիջական են գործում… երիտասարդությունից առաջ պետք է գնա մեծերի սերունդը, այլապես կստացվի, որ ավագները դավաճանում են ապագա սերունդներին, ոչնչացնում Հայաստանը …Շանթ Հարությունյանը երիտասարդության անունից ասաց՝ վերջ, ոչ մի օր, ոչ մի վայրկյան. այլեւս այս երկրում չենք ապրելու: Շանթը 50-60 տարեկան էլ դառնա, հոգու խորքում նա մնում է նուն շանթիկը, որը շանթահարում է»: Հետո նաեւ ասաց, որ այսօր ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան չունենք, որովհետեւ երիտասարդությունն արդեն իր հեղափոխությունը հայտարարել է. «Կամ դա թողնում ենք նրանց անփորձությանը, կամ կանգնում ենք երիտասարդների գլխին»: Նրա խոսքով, Ազատության հրապարակում իրենց հավաքները ժողովրդին արթնացնելու լավագույն ձեւերից է. «Երբ այստեղ գալիս ենք, գալիս ենք աշխատանքի: Երկիրն այս վիճակում չի եղել, չպետք է թույլ տալ, որ այս անհեթեթ պտույտը կրկնվի»: Եվ կոչ արեց բոլորին պարբերաբար հավաքվել Ազատության հրապարակում՝ ցույց տալու, թե ով է Հայաստանի տերը: Պարոն Մանուչարյանի համոզմամբ, Շանթ Հարությունյանն իր հեղափոխությամբ «սիմվոլների լեզվով բան հասկացրեց բոլորին»:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: