Լուսինե Սահակյան. Ա. Կիվիրյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Արգիշտի Կիվիրյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի կետով: Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ քրեական գործն ի սկզբանե ակնհայտ ապօրինի կերպով է հարուցվել:
«Իրականում բռնություն էր գործադրվել Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ, և քրեական գործ պետք է հարուցվեր հակառակը, տուժող պետք է ճանաչվեր Արգիշտի Կիվիրյանը»,- ասաց Լուսինե Սահակյանը: Նա նշեց, որ այսօր «բացառիկ» մեղադրանք է առաջադրվել Արգիշտի Կիվիրյանին:
Նրա խոսքով՝ իրենք չեն վստահում նախաքննական մարմնին: «Մենք ունենք բազմաթիվ ապացույցներ, որոնք մենք, իհարկե, չենք ներկայացնի այս պահին, և եթե այսպես շարունակվի, դատարանում մենք հետագայում կներկայացնենք բազմաթիվ ապացույցներ, որոնցով կհիմնավորենք, որ քրեական գործ պետք է հարուցվեր և մեղադրանք պետք է առաջադրվեր ոստիկաններին այն բանի համար, որ նրանք բռնություն են կիրառել Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ»,- նշեց Լուսինե Սահակյանը՝ շեշտելով, որ կան բազմաթիվ տեսագրություններ, որոնցում երևում է, որ ոստիկանները բռնություն են կիրառում Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ:
Փաստաբանի գնահատմամբ՝ Ա. Կիվիրյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում նրա քաղաքական հայացքների համար: «Միանշանակ է, որ պայքար է գնում այն ակտիվ քաղաքացիների դեմ, ովքեր հնարավոր է իրենց իրավունքների համար պայքարեն և բարձրաձայնեն ապօրինությունների մասին: Այսինքն՝ փորձ է արվում վախեցնել այդ քաղաքացիների աչքը, որպեսզի նրանք չշարունակեն պայքարել»,- ասաց Լուսինե Սահակյանը: