«Ժառանգությունը» դեմ է քվեարկելու Իշխան Զաքարյանի թեկնածությանը
«Իշխան Զաքարյանը Սերժ Սարգսյանին ենթակա անձնավորություն է և շարունակելու է իր ծառայությունը մատուցել Սերժ Սարգսյանին»,- ՎՊ նախագահի պաշտոնում վերաառաջադրված Իշխան Զաքայանի հետ հանդիպումից հետո այս մասին մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Մենք նախ նախագահ չունենք, եթե ունենային, այսպիսի իրադարձություններ տեղի չէին ունենա: Հենց այդ նույն անձը, ով նախկինում զեկույցով էր համապատասախան հանդես եկել, այդ զեկույցը համապատասխան քննադատության չէր արժանանա, հետևաբար ես կարող եմ ասել, որ ունենք բռնազավթիչներ, ովքեր ուղղակի իրենց բռնազավթման, կյանքը երկարացնելու համար բոլոր ջանքերը գործադրում են»,-ասաց Զ. Փոստանջյանը:
Նրա համոզմամբ, ՎՊ աղմկահարույց բացահայտումները իրականում չէին լինի առանց Սերժ Սարգսյանի իմացության։ «Ես համոզված եմ, որ այդ բացահայտումները, եթե արվեցին, արվել են և հետո հրապարակվել են Սերժ Սարգսյանի իմացությամբ և թույլտվությամբ, իսկ դրանից հետո այն, ինչ տեղի ունեցավ, նույնպես Սերժ Սարգսյանի ցանկությամբ, իմացությամբ ու թույլտվությամբ է։ Այսօր դրա վառ ապացույցն է այս մարդուն նորից առաջարկելը»,- նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը։
Հարցին, թե ի վերջո ո՞րն է խմբակցության որոշումը, դե՞մ են արդյոք Իշխան Զաքարյանի թեկնածությանը, թե՞ կողմ, Զ. Փոստանջյանը ասաց, թե հարցը դեմ կամ կողմի խնդիրը չէ, ապա հավելեց. «Իհարկե, դեմ ենք, ով դեմ չի բռնազավթչին, ով դեմ չի հակահայկան իշխանությանը։ Ես սա եմ հասկանում, որ եթե դու փաստաթուղթ ես պատրաստել, որտեղ չարաշահումների մասին բարձրաձայնում ես, հսկայական ծավալի չարաշահումներ և դրանց վերաբերյալ որևէ իրավական գնահատական հետագայում չի տրվում, դա ի՞նչ է նշանակում: Ինչպե՞ս կարող ես դու այդ ամենին կողմ լինել»։