Բաժիններ՝

Դիարբեքիրում ապամոնտաժվել է «Երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում» գրությամբ ցուցանակը

Թուրքական Akşam‎ թերթի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի կենտրոնում գտնվող Ենիշեհիր թաղամասում երեկ երեկոյան վերացվել է «Երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում» գրությամբ ցուցանակը: Դա իրականացվել է Դիարբեքիրի նահանգապետարանի որոշմամբ:

Նշվում է,որ 20 մետր երկարությամբ այդ պաստառը քաղաքում է հայտնվել 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում իրականացված ռազմական հեղաշրջումից հետո, ինչի հետևանքով երկրում իշխանության եկավ զինվորական վերնախավը: Դրա հետ կապված՝ ցուցանակի ապամոնտաժումը որակվել է որպես «պատմական պահ»:

Հիշեցնենք, որ «Երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում» խոսքերը պատկանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին, ով առաջին անգամ այդ արտահայտությունն օգտագործել է 1933 թվականի հոկտեմբերի 29-ին, Անկարայում՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ ունեցած իր ճառում:

1972 թվականին Թուրքիայի կրթության նախարարությունն այդ արտահայտությունը հավելեց դպրոցական երդման մեջ, ինչն իր հերթին սահմանվել էր 1933 թվականին (ամեն առավոտ աշակերտները դասը սկսելուց առաջ պետք է դպրոցական երդում տային):

2013 թվականի սեպտեմբերի 30-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ներկայացրած ժողովրդավարական բարեփոխումների փաթեթում խոսք էր գնում դպրոցական երդման վերացման մասին, ինչն ամբողջովին ի կատար ածվեց 2013 թվականի հոկտեմբերի 8-ին:

Ի դեպ, Աթաթուրքի «Երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում» խոսքերն ընկած են Թուրքիայի Հանրապետության Սահմանադրության 66-րդ հոդվածի հիմքում, ուր նշված է. «Թուրքական պետության հետ քաղաքացիությամբ կապված յուրաքանչյուր ոք թուրք է» (Թուրքիայի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի թուրք է):

061120132132253750255

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս