Բաժիններ՝

«Խնդրում ենք բոլորիդ, սգալով պատանիների մահը, սատար կանգնել Վարդան Պետրոսյանին». Լ. Մութաֆյան

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԹԳՄ վարչության քարտուղար Լեւոն Մութաֆյանն իր զորակցություն է հայտնել հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին` ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով հետեւյալ գրառումը.

«Սիրելի բարեկամներ, հայրենակիցներ.

Այսօր հայտնի է դարձել, որ ոստիկանությունը գնացել է անվանի դերասան ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ բնակարան՝ նրան ձերբակալելու: Կասկածներ կան, որ Վարդան Պետրոսյանը մեղավոր է Եղվարդի խճուղում տեղի ունեցած ավտովթարում, որի հետևանքով մահացան 16 տարեկան երկու պատանի, մի քանի հոգի ստացան ծանր մարմնական վնասվածքներ: Մենք սգում ենք պատանիների մահը, մեր ցավակցությունը հայտնում նրանց ծնողներին և հարազատներին, շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրավորներին: Որևէ մեկը, մանավանդ արվեստագետը, չէր կամենա պատճառ դառնալ նման ողբերգության…
Նախաքննությունը դեռևս Վարդան Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրել, դեռևս չի հիմնավորվել նրա մեղավորությունը, մինչդեռ արդեն կամենում են նրան ձերբակալել: Այսպես վարվում են նրանց հետ, ովքեր խոչընդոտում են նախաքննությանը, ովքեր հասարակական վտանգ են ներկայացնում: Մինչդեռ Վարդան Պետրոսյանը բարձր կարգի մտավորական է, ազնվագույն մարդ, առաքինի և պարկեշտ: Ուրեմն, նման մարդուն ձերբակալելը որևէ հիմնավորում չունի, չունի բացատրություն: Գուցե իրավապահներն այսպիսով կամենում են ստորացնել նրան, ցույց տալ իրենց գերիշխանությունը…
Խնդրում ենք բոլորիդ, սիրելի հայրենակիցներ, սգալով պատանիների մահը, ցավ ապրելով այդ մեծ ողբերգության համար, միաժամանակ սատար կանգնել Վարդան Պետրոսյանին, կոչ հնչեցնել, որպեսզի նրա նկատմամբ չկիրառվի ձերբակալություն սահմանող խափանման միջոց: Վարդանը ևս գտնվում է ծանր վիճակում, խաթարված առողջությամբ, հոգեբանորեն սպանված…
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ

ԿԱՐԻՆԵ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ
ՀՀ վաստակավոր արտիստ, Սոս Սարգսյանի գլխավորած Համազգային թատրոնի դերասանուհի
ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ
թատերագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,
ՀԹԳՄ վարչության քարտուղար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս