Բաժիններ՝

Մանկավարժների աշխատավարձը առանց աղմուկի կրճատում են

Պարզվում է՝ հանրապետության տարբեր դպրոցներում այս օրերին ժողովներ են հրավիրվում տնօրենների կողմից, որտեղ մանկավարժները տեղեկանում են, որ իրենք ավելի քիչ աշխատավարձ են ստանալու։ Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին խմբագրություն զանգահարած ուսուցիչները։

Ոլորտի պատասխանատուները փողերը խնայելու ձև են գտել։ Այսպես, նախկինում գրավոր աշխատանքներ ստուգելը կամ դասվարությունը համարվում էին լրացուցիչ աշխատանք, և ուսուցիչները դրա համար հավելյալ վարձատրվում էին։ Այժմ որոշվել է, որ դա լրացուցիչ աշխատանք չէ, այլ պարտադիր աշխատանքի մաս, և, հետևաբար, դրա համար հավելյալ վարձատրություն չի լինելու։ Դա նշանակում է, որ շատ ուսուցիչների առանց այդ էլ խղճուկ աշխատավարձը՝ ամսական 60-70 հազար դրամ, նվազելու է 10-15 հազար դրամով։

Ի դեպ, հանրապետության մի շարք դպրոցներում այդ նորամուծությունը վաղուց է արվել։ Այժմ դա ցանկանում են ներդնել բոլոր դպրոցներում։

Փաստորեն, յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ին մանկավարժներին ուղղված երկարաշունչ շնորհավորանքներն ու ճոռոմ տեքստերը՝ նրանց աշխատանքի կարևորության մասին, որևէ նշանակություն չունեն։ Պետությունը նրանց աշխատավարձը մոտեցնում է նվազագույն աշխատավարձի նիշին։ Այսինքն՝ նրանց դերը այս հասարակության մեջ համարում է  ամենից ոչ կարևորը։

Իհարկե, հաջորդ տարվա ամռանը ուսուցիչների աշխատավարձը նույնպես կբարձրանա 40%-ով, սակայն այն ընդամենը կհավասարվի այսօրվա աշխատավարձին։ Այսինքն՝ ուսուցիչները ոչ մի բան էլ չեն շահի աշխատավարձի գովերգվող բարձրացումից։ Իսկ հաշվի առնելով գնաճը՝ նրանք հակառակը՝ ավելի կաղքատանան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս