Բաժիններ՝

Լեհաստանում ու Բալթյան երկրներում մեկնարկում են վերջին 10 տարվա համար ՆԱՏՕ-ի խոշորագույն զորավարժությունները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր Լեհաստանի ու Բալթյան երկրների տարածքում մեկնարկում են ՆԱՏՕ-ի` վերջին 10 տարվա համար խոշորագույն Steadfast Jazz ռազմական մանևրները: Զորավարժություններին մասնակցում է 6000 զինծառայող, 350 միավոր ցամաքային տեխնիկա, 57 ինքնաթիռ ու ուղղաթիռ և 13 ռազմանավ:

Զորավարժություններին մասնակցում են 25 երկրների զինծառայողներ: Խոսքը գնում է հիմնականում ՆԱՏՕ-ի անդամ երկրների, ինչպես նաև նրա գործընկեր երկրների (Ֆինլանդիա, Շվեդիա, Ուկրաինա) մասին: Զորավարժությունների հրամանատարական կենտրոնը գտնվելու է Ռիգայի մոտ գտնվող Ադաժի քաղաքում:

Զորավարժությունների պաշտոնական նպատակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի համատեղ գործողությունների վերահսկումն ու ղեկավարումն է: Այդ ուժերը նախատեսված են ռազմական ճգնաժամերին օպերատիվ պատասխան տալու համար: Սցենարը ենթադրում է օտար ներխուժմանը դաշնակցային ուժերի համատեղ պատասխան:

Մասնավորապես, ենթադրվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկիրը տարածքային հավակնություններ է ներկայացրել Էստոնիային և զավթել է նրա տարածքի մի մասը: Դրանից հետո ՆԱՏՕ-ն որոշում է գործարկել հավաքական պաշտպանության մեխանիզմը և հակամարտության գոտի է ուղարկում Արագ արձագանքման ուժերին:

Զորավարժությունների ակտիվ փուլը տևելու է մինչև նոյեմբերի 9-ը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի խոսքերով` այդ զորավարժությունները հնարավորություն կտան մշակել դաշինքի Արագ արձագանքման ուժերի ծավալումը յուրաքանչյուր վայրում և հետ մղել յուրաքանչյուր սպառնալիք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս