Արտեմ Ասատրյանը համամիտ է՝ տրանսպորտի սակագնի բարձրացումը բավականին խնդիրներ է առաջացնում
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղյակ չէ, որ Երևանի քաղաքապետարանը հստակ նշել է տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Արտեմ Ասատրյանն ասաց. «Մենք վերլուծություններ ենք իրականացնում, սակագների հետ կապված գնահատականներ են տրվում, մենք հիմա իրականացնում ենք այդ աշխատանքները Համաշխարհային բանկի հետ: Համապատասխան մոդելի մշակում է իրականացվում, որը թույլ կտա գնահատել, ոչ միայն էս պահին, այլ ընդհանրապես սակագների բարձրացման ազդեցությունը բնակչության վրա: Դրա հետ կապված անհրաժեշտ միջոցոռումներ կիրականացվեն»:
Նախարարը չմանամասնեց, թե ինչ միջոցառումներ կիրականացնեն իրենք, եթե ուղեվարձը թանկանա: Իսկ Հարցին, թե արդարացվա՞ծ համարում եք աղքատության նման բարձր ցուցանիշի դեպքում տրանսպորտի սակագինը 200 դրամ դարձնելու մտադրությունը, նա պատասխանեց. «Ես ոչ թե արդարացվածի մասին պիտի խոսեմ ձեր նշած հրացադրման շրջանակներում, այլ կարծում եմ՝ մենք պետք է որևէ սակագին իր էության մեջ նայենք: Եթե դուք խոսում եք սակագնի մասին և չեք նայում հարցի ամբողջական կողմերը, դա ճիշտ չէ: Սոցիալական ազդեցության տեսանկյունից, իհարկե, ինքը բավականին խնդիրներ է առաջացնում»:
Արտեմ Ասատրյանը հիշեցրեց, որ պետական բյուջեով սոցիալական ոլորտին տրամադրվող միջոցները շուրջ 57 մլրդ դրամով աճելու են, ինչը հնարավորություն կտա մեղմել տրանսպորտի սակագնի բարձրացման ազդեցությունը: