«Իմ խնդիրն է ապացուցել, որ ես կայացրել եմ օրինական որոշում». Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցածը քննող քննիչ
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Բուդղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը: Դատարանը քննում է հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի որոշման դեմ Հայկ Ալումյանի բողոքը: Նախորդ դատական նիստը հետաձգվել էր Հայկ Ալումյանի միջնորդությամբ, որպեսզի բոլոր նյութերը ներկայացվեն դատարան՝ նկատի ունենալով, որ դրանք վերաբերվում են իր բողոքին: Դատարանն առաջարկել էր փաստաբանին ծանոթանալ քննիչի կողմից դատարան ներկայացված նյութերին: Այսօր դատական նիստի ընթացքում Հայկ Ալումյանն ասաց, որ դատարան ներկայացված նյութերին ծանոթանալուց հետո իր մոտ ամրապնդվել է այն կարծիքը, որ այդ քանակով նյութերը բավարար չեն դեպքի վերաբերյալ սպառիչ եզրակացություն անելու համար: Փաստաբանն ասաց, որ ավելի ստորացուցիչ պայմանների մեջ արդարադատությունը հնարավոր չէ դնել: Հ. Ալումյանն ասաց, որ քրեական գործի նյութերում առկա յուրաքանչյուր փաստաթուղթ կարող է փոխել դեպքի պատկերը: Բուդաղյանների փաստաբանը միջնորդեց պարտադրել քննիչին դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ բոլոր նյութերը: «Այլ կերպ այս դատավարությունն ընթանալ չի կարող»,- ասաց Հայկ Ալումյանը:
Դատավոր Լևոն Ավետիսյանը քննիչ Ալեքսան Ղազարյանից հետաքրքրվեց՝ ինչ փուլում է քրեական գործը: Քննիչն ասաց, որ նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով դեռևս որոշ հանգամանքների ինքը պետք է իրավական գնահատական տա: Օրինակ, պետք է իրավական գնահատական տա մեքենայում տեղի ունեցածին և մի քանի այլ հանգամանքների: Դատավորի հարցին՝ դեռ որքան ժամանակ կշարունակվի նախաքննությունը, Ալեքսան Ղազարյանը պատասխանեց, որ դժվարանում է նույնիսկ մոտավոր ասել ժամկետը:
Դատավորը մասնակիցներից հետաքրքվեց՝ արդյոք նպատակահարմար չէ՞ Հայկ Ալումյանի երեք բողոքները միավորել մեկ դատավորի վարույթում: Հայկ Ալումյանը նշեց, որ դա առավել նպատակահարմար է, եթե դա կարգավորվելու է օրենքով, և եթե երեք բողոքները միասին քննող դատավորը որոշվելու է պատահական ընտրության կարգով: Քննիչ Ալեքսան Ղազարյանը նշեց, որ իր կարծիքով՝ դա օրենքի խախտում է: Միևնույն ժամանակ նա ասաց, որ իր համար միևնույն է՝ բողոքները կքննի մեկ, թե մի քանի դատավոր. «Իմ խնդիրն է ապացուցել, որ ես կայացրել եմ օրինական որոշում»: