«Արհեստականորեն անեն, որ ի՞նչ լինի». Մանվել Բադեյանը՝ ՄՄ-ին անդամակցության գործընթացի մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի կարծիքով, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը «արհեստականորեն» չի արագացվում: 168.am-ի հետ զրույցում Մանվել Բադեյանն ասաց, թե արհեստական ոչինչ ինտերգրման հարցում լինել չի կարող. «Սա լուրջ գործ է էլի, այնպես չի, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան պետք է ցույց տանք: Սա պետության գործընթաց է, լուրջ մարդիկ են նստած, լուրջ հարցեր են քննարկում, ի՞նչ արհեստականորեն՝ արհեստականորեն անեն, որ ի՞նչ լինի»: Մեր հարցին, թե չե՞ք կարծում, որ Հայաստանի համար կարևոր է պարզապես ինչ-որ փաստաթուղթ ստորագրելը անգամ, եթե, ինչպես ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էր նկատել, այն ունենա «Շնորհավոր ամանոր և Սուրբ ծնունդ» բովանդակությունը, Մանվել Բադեյանը պատասխանեց. «Բանակցային պրոցեսի մեջ ենք, և ենթադրել, թե ինչ ավարտ կունենա, նշանակում է ձևանալ  Սողոմոն Իմաստուն: Չգիտեմ, ովքեր են իրենց Սողոմոն Իմաստունի տեղ դրել, բայց պայմանները եթե մեզ համար շահեկան չլինեն, չի ստորագրվի»:

Հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ի՞նչ ակնկալիքներ կան վիլնյուսյան գագաթնաժողովից,  և արդյոք ինքը ինչպես է մեկնաբանում այն կարծիքները, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությունը այնտեղ ինքնանպատակ է: Ի պատասխան՝ ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Չէ, ինքնանպատակ չէ, ձևի համար չի արվում սա: Արվում է համաժողովով, որտեղ քննարկվելու են տարբեր տեսակի պայմաններ: Վիլնյուսի վեհաժողովին  մասնակից են լինելու մեծաթիվ բիզնես աշխարհի ներկայացուցիչներ: Այնպես որ, սա իմիջային խնդիր չէ, ձևի համար խնդիր չէ, նորմալ բանակցային պրոցես է, որի վերջը կերևա մի քիչ ավելի ուշ, հիմա կանխատեսել, թե բանակցություններոմ ինչը կընդունվի, ինչը չի ընդունվի մեր կամ մեր պարտնյորների կողմից, նշանակում է լինել Սողոմոն Իմաստունը»:

Մ. Բադեյանը ծաղր չի նկատում Բելառուսի նախագահի հայտարարություններում ու ռուսաստանյան ՕՌՏ հեռուստաալիքի հայտնի ռեպորտաժում տեղ գտած ձևակերպումներով՝ նշելով, որ  ռեպորտաժը պատրաստում են լրագրողները. «Էդքան խելք չունեին, շատ էլ չեմ պահանջում, որովհետև ընդամնեը ժուռնալիստ են ու մասնակից չեն բանակցությունների, խորքային պրոցեսների: Ինչ վերաբերում է Լուկաշենկոյի պահվածքին, ես արտառոց որևէ բան չեմ տեսնում, որովհետև նա ասում է, որ մենք ուզում ենք երկիր, որը պրոբլեմներ չի հարուցի մեր միությանը: Էս երկիրը, եթե ունի խնդիրներ հարևանների հետ, ուրեմն պետք է աջակցի, ինչը արվում է Բելառուսի կողմից ՀԱՊԿ շրջանակներում: Սա ընդամնեը ցանկություն է, որ պրոբլեմները պետք է լուծել, եթե ուզում ենք հեզասահ ընթացք ունենալ ՄՄ մեջ»:

Ի դեպ, Մաքսային միությանը անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի գնահատմամբ, եվրոպացի պաշտոնյաները ու մի խումբ հայ պաշտոնիաներ «ընկան խորը և համապարփակ մանթրաժի մեջ»: Այս առնչությամբ Մանվել Բադեյանը նկատեց. «Ես չգիտեմ՝ ով ա մանթրաժի մեջ ընկել: Համենայնդեպս, սա շատ հասկանալի և տրամաբանական գործընթաց է, որ դիտարկվում են հնարավորությունները ինտերգրվել այս կամ այն միջազգային կառույցի մեջ: Եվրամիությունն էլ, Մաքսային միությունն էլ միջազգային կառույցներ են, և Հայաստանի համար ներկայացնում են տնտեսական հետաքրքրություն: Մենք փորձում ենք օգտվել երկուսի հնարավորությունից էլ՝ խորապես գիտացելով, որ դրանք իրարամերժ չեն՝ կարելի է համագործակցել երկու կառույցների հետ էլ, ինտերգրվել երկու կառույցներին էլ»: Նա հորդորեց չմոռանալ, որ երկու կառույցները իրար հակադրելը «շատ ժամանակ ֆորմալ է», որովհետև, ըստ նրա, վերջին հաշվով ամեն ինչ որոշում է ազգային մշակույթը. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՌԴ-ն Եվրոպայի մշակութային մաս է կազմում: Սա ժամանակի խնդիր է»:

Տեսանյութեր

Լրահոս