Բաժիններ՝

Արմեն Երիցյանը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները հինգ ուղղություններով (լուսանկարներ)

Այսօր ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։

Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց, որ շաբաթվա ընթացքում կատարվել են պլանով նախատեսված բոլոր միջոցառումները և հանձնարարականները։ Շարունակվում են ԼՂՀ-ում կայանալիք համատեղ խոշոր ուսումնավարժության նախապատրաստական աշխատանքները։

Նախարարին զեկուցվեց «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ տարածքի կառուցապատման և օդանավակայանի վերագործարկման հետ կապված խնդիրների և անհրաժեշտ աշխատանքների մասին։ Նախարար Երիցյանը հանձնարարեց ուսումնասիրել և առաջարկներ ներկայացնել հակակարկտային ծառայության համակարգում փոքր ավիացիայի օգտագործման վերաբերյալ։

ԱԻ նախարարը հանձնարարեց ակտիվացնել աշխատանքներն առաջնահերթ հինգ ուղղություններով, այն է` Ստեփանավանի օդանավակայան, Գառնու դիտարան, «Լուսակերտ» ուսումնական բազա, հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն Բալահովիտում և ԱԻՆ միասնական տեխնիկական բազա, և իրականացվող աշխատանքների վերաբերյալ իրեն ներկայացնել ամենօրյա զեկույցներ։

Խորհրդակցության ընթացքում նախարար Երիցյանն ԱԻՆ 22-ամյակին նվիրված տոնական համերգի կազմակերպմանը և անցկացմանն ակտիվ ու պրոֆեսիոնալ մասնակցություն ցուցաբերելու համար շնորհակալագրեր հանձնեց «Միլեն» շոու-բալետի պարային բեմադրությունների ղեկավար Արթուր Եղոյանին, երգերի ձայնագրող Վարազդատ Խեչումյանին, նկարչական ձևավորող Հայկ Մալխասյանին և սցենարիստ ու երգահան Էդուարդ Զորիկյանին։

Արմեն Երիցյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր աշխատակիցներին` Փրկության նվիրյալների պատվո հուշարձանի կառուցման գործին իրենց մասնակցության համար։
Սիրելի գործընկերներ,

Փրկության նվիրյալների պատվո հուշարձանն արդեն իրողություն է:
Այն ստեղծվեց ձեզնից յուրաքանչյուրի անմնացորդ նվիրաբերումի և աջակցության արդյունքում: Պատվո հուշարձանի կառուցմանը մասնակցել են Արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր աշխատակիցները:

Այն մեզանից յուրաքանչյուրի տուրքն է փրկության նվիրյալներին, բոլոր նրանց, ովքեր իրենց անձնազոհությամբ, արիությամբ, ամենօրյա գործունեությամբ փրկում են մարդկային կյանքեր:

Հուշարձանի կարգախոսը մեծ խորհուրդ ունի. «Օգնություն, Արիություն, Փրկություն» բառերը հանդիսանում են մեզանից յուրաքանչյուրի, ամեն մի փրկարարի գործունեության իմաստն ու խորհուրդը:

Սիրելի գործընկերներ, բոլորիդ շնորհավորում եմ հուշարձանի բացման կապակցությամբ: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ փրկության նվիրյալների պատվո հուշարձանի կառուցման գործին ցուցաբերած արտակարգ ու միակամ վերաբերմունքի համար:

Հարգանքով՝ Ա. Երիցյան

ericyna5

ericyan4

ericyan2

Ericyan

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս