Սյունիքում ընտրությունները պասիվ են ընթանում
aravot.am – ի փոխանցմամբ`Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններում այսօր վաղ առավոտից մեկնարկել է ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունը: Ընտրատեղամասերում ընտրողների հոսքը բավականին պասիվ է: Կապանի ընտրատեղամասերում այս անգամ չտեսանք կուտակումներ, հերթեր ընտրացուցակների կողքին, իրար հրմշտող քաղաքացիներ եւ լեցուն ընտրատեղամասեր: Ի տարբերություն նախորդ ընտրությունների` այս ընտրությունն ընթանում է հանգիստ մթնոլորտում: Այս մասին փաստում են նաեւ Կապանի ընտրատեղամասերի ընտրական հանձնաժողովի նախագահները, անդամները, թեկնածուների վստահված անձինք: Կապանի թիվ 38/08 ընտրատեղամասում մինչեւ կեսօր 1309 ընտրողից ընտրությանը մասնակցել էր ընդամենը150-ը: «Նախորդ ընտրություններին միշտ լինում էր մոտավորապես 80 տոկոս մասնակցություն, այս անգամ, քանի որ համապետական ընտրություն չի եւ միայն թիվ 38 ընտրատարածքում է անցկացվում, մի քիչ ավելի պասիվություն է նկատվում: Ակտիվություն չի էլ ակնկալվում մինչեւ ընտրության օրվա ավարտը, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ ոչ մի անգամ այսքան հանդարտ ձեւով ո’չ քարոզարշավ է եղել, ո’չ էլ հանգիստ պայմաններում կարողացել ենք աշխատել: Միշտ լինում էր ավելի սուր պայքար, բնականաբար այս ընտրությունն ավելի պասիվ է լինելու իմ կարծիքով: Ակնկալում ենք մասնակցության միջին թվաքանակ, ոչ ավելի», -ասել է Կապանում տեղակայված թիվ 38/08 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Միրզոյանը: