Թիվ 38 ընտրատարածքի ընտրությունների մեկնարկը՝ ոչխարի միս բաժանելո՞վ

Այսօր թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրություններ են: Առաջադրված են երկու թեկնածու՝ Ժառանգություն կուսակցությունը ներկայացնող Արցախյան պատերազմի ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը և ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը, ով Կապանի նախկին քաղաքապետն է եղել:

ԳԱԼԱ-ն զրուցել է Ս. Հայրապետյանի հետ, ով դեռևս չէր մասնակցել ընտրություններին, բայց պատմել է գիշերը տեղի ունեցած ընտրակաշառքի խայտառակ դեպքերի մասին: Գիշերը կազմած ընտրացուցակների միջոցով բնակիչներին 10.000-ական դրամ է բաժանվել. մոտեցել են յուրաքանչյուր շքամուտքի դիմաց և բաժանել նախատեսված գումարը: Ինչպես Ժառանգության թեկնածուն է ասում՝ դա արել են շատ նեղ շրջանակներով՝ իրենց վստահելի մարդկանց միջոցով,  եղել են մարդիկ, ովքեր պատմել են իրենց բաժանված գումարների մասին:

Սակայն 10000 դրամը ամբողջը չէ, երեկ Կապանում մորթել են ոչխարներ և յուրաքանչյուր ընտրողին բաժանել երկուական կգ ոչխարի միս:

Հարցին, թե արդյոք չեն պատրաստվում դիմել իրավապահ մարմիններին՝ հաղորդելով հանցագործության մասին, Հայրապետյանը նշեց, որ ցավոք ձեռքի տակ փաստեր չունի և հավելեց. «Թե չէ, որ նախագահականի ժամանակ Ժառանգությունը հաղորդեց նման դեպքերի մասին, ի՞նչ եղավ»:

Հայրապետյանը նշեց, որ ՀՀԿ-ական թեկնածուին լավագույնս «սատարում» է Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանը, ով հորդորել է բոլորին չսխալվել, ինչպես սխալվել են նախագահական ընտրությունների ժամանակ:

ԳԱԼԱ-ն զրուցել է նաև ՀՀԿ-ական թեկնածու Արմեն Կարապետյանի հետ, ով այս ամենը հերյուրանք համարեց՝ ասելով, որ ոչ ընտրակաշառք է բաժանվել, ոչ էլ ոչխարի միս, պարզապես պարտվող կողմը հերյուրանքներ է տարածում՝ իմանալով պարտության մասին:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս