Ռոբերտ Քոչարյանը գիտի բիզ սրողի անունը
ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ բացատրում էր, որ «Նաիրիտի» հարցով հանձնաժողովի ստեղծումը հարցը փակելու լավագույն ձևն է, քանի որ հանձնաժողով ստեղծելու միջոցով հարցը փակելը կոմունիստական ժամանակներից եկած ավանդույթ է:
Իր ասածը հիմնավորելու համար` Վարդան Այվազյանը հիշեցրեց «Մազութի հանձնաժողով» ստեղծումը և դրա անպտուղ գործունեությունը: «Մազութի հանձնաժողով» անունը լսելուց հետո նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը միանգամից բորբոքվեց. «Ոչ մի մազութի գործ էլ չի եղել, չկա մազութի գործ և չի էլ կարող լինել: Փոխանակ ինձանից շնորհակալություն հայտնեին հանրապետությանը էլեկտրաէներգիայով ապահովելու համար, այդ կեղծ գործը սարքեցին մեզ վարկաբեկելու համար: Արշակ Սադոյանը ինքն է դատախազությունում ասել, որ լափած մազութի մասին խոսելով` ընդամենը կատակել է: Իրենց սրած բիզը մտավ իրենց…»:
Պատգամավորներից մեկի հարցին, թե ո՞ւմ սրած բզի մասին է խոսքը, Բագրատյանը պատասխանեց. «Գնացեք Ռոբերտ Քոչարյանից հարցրեք»: