Գևորգ Կոստանյանը` Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների և իր թեկնածության մասին
ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ գլխավոր դատախազի հավանական թեկնածուների շրջանառվող անուններից հենց իրեն Սերժ Սարգսյանն առաջադրեց այդ պաշտոնում, ասաց. «Ես վստահ եմ՝ շրջանառվող անունները իրենց արժանիքների համար էին շրջանառվում: Թե ինչո՞ւ ես առաջադրվեցի՝ ես չեմ կարող պատասխանել»:
Հիշեցնենք, որ տեսակետներ էին հնչել, թե Գևորգ Կոստանյանին այս պաշտոնում առաջադրել են` Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին մատուցած «ծառայությունների» դիմաց: Սակայն Կոստանյանը համաձայն չէ այդ տեսակետների հետ. «Ուրեմն, եթե որևէ պաշտոնատար անձ իր ծառայողական պարտավորությունները կատարելու կապակցությամբ պետք է խրախուսվի այս եղանակով, կարող եք տենց համարել: Համենայնդեպս, ես կատարել եմ իմ ծառողայական պարտականությունը և կատարելու եմ»:
168.am-ի դիտարկմանը, թե Ձեր հայտարարությունը գնահատվեց որպես գործն ուղղորդելու եղանակ, նա այսպես արձագանքեց «Այդ ժամանակ նույնիսկ իմ համար հստակ չէր, թե այս գործն ինչպիսի ընթացք կստանա, ձեզ համար ո՞նց էր հստակ»:
Լրագրողների ճշտող հարցին, թե այդ դեպքում ե՞րբ հստակ դարձավ, նա պատասխանեց՝ երբ քրեական գործը քննվեց և ձեռք բերվեցին համապատասխան ապացույցներ, որոնց հետևությունները ուղարկվեցին նախաքննության մարմին:
«Այո, քննարկան առարկա դարձավ այն, որ ինչո՞ւ մինչև դատաձայնագրային փորձաքննության իրականցումը հայտարվեց այդ մասին, որ Սուրիկ Խաչատրյանը չի եղել դեպքի վայրում: Պատասխանեմ՝ շատ պարզ պատճառով, և դա չէր կարող ուղղորդում դիտարկվել: Փորձաքննության եզրակացությունն ու դատաձայնագրությունը ընդամենը ապացույցներից մեկն էր. քրեական դատավարության մեջ բազաթիվ ապացույցներ կան: Այդ բոլոր օրերի ընթացքում ձեռք են բերվել բազմաթիվ ապացույցներ, որոնք իրենց ամբողջականության մեջ ապացուցում են փաստը: Նախօրոք իրավական գնահատական չի տրվել մինչև ապացուցներ ձեռքբերվելը»,- նշեց նա: