Տարոն Մարգարյանի վերաբերյալ ԹԻՀԿ դիմումի հիման վրա վարույթ է հարուցվել
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի և դրանց վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների համադրման, ներքաղաքային փոխադրավարձը բարձրացնելու մասին որոշումը կայացնելիս անձնական բիզնես շահերով առաջնորդվելու, շահերի բախման իրավիճակում գտնվելու կամ նման ռիսկի առկայության, ինչպես նաև ներդրումները կառավարելիս պաշտոնեական դիրքը և լիազորություններն օգտագործելու հնարավոր դեպքերը բացահայտելու նպատակով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ԹԻՀԿ դիմումի հիման վրա հարուցել է վարույթ:
Նույն որոշմամբ Հանձնաժողովն առաջարկել է Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին որոշումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում ներկայացնել քննարկվող հարցի վերաբերյալ իր առարկությունները և բացատրությունները:
Հիշեցնենք, որ ԹԻՀԿ-ն, հղում կատարելով hetq.am և ilur.am կայքերի հրապարակումներին՝ դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով վարույթ հարուցել և պարզել հրապարակումներում շրջանառվող տեղեկությունների իսկությունը՝ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի և եկամուտների, ձեռնարկատիրական՝ մասնավորապես, տրանսպորտի ոլորտում որոշակի բիզնես շահերի առկայության հետ:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն